կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-12-01 15:23
Առանց Կատեգորիա

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ռեանիմացիան

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ռեանիմացիան

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների: Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության` կլոր սեղանի ձևաչափով կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակին, Հայաստանում եւ տարածաշրջանում ընթացող քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:

Դեսպանների հետ հանդիպմանը «Ժառանգության» ղեկավարի հետ եղել է նաև «Հիմնադիր Խորհրդարան»-ի ղեկավար Գարեգին Չուքասզյանը: Հատկապես նրա մասնակցությունը վկայում է, որ դեսպաններին հրավիրելու նախաձեռնությունը «Ժառանգության» ղեկավարն իրականացրել է ոչ թե առանձին, այլ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման շրջանակներում: Հետաքրքրական է, որ հանդիպումը կազմակերպվել էր «Նոր Հայաստան»-ի կողմից այսօր հրավիրված հանրահավաքի կամ, ավելի ճիշտ, հանրահավաքների շարքի մեկնարկի նախօրեին:

Դիվանագիտական նման քայլերը սովորաբար արվում են երկու փոխկապակցված դեպքերում: Առաջին` երբ խնդիր է դրվել արտաքին լեգիտիմություն ապահովել կայացված այս կամ այն վճռորոշ, շրջադարձային և ռիսկեր պարունակող որոշումների համար` նախքան դրանց գործողության մեջ դնելը, երկրորդ`այդ գործողությունների հնարավոր հետևանքների պատասխանատվությունից խուսափելու և արդարացման հիմքեր ստեղծելու ժամանակ: Այսինքն` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի` « Նոր Հայաստան»-ը դեսպաններին կանչել էր հանդիպման` փաստացի դեկտեմբերի 1-ից սկսվող քաղաքացիական անհնազանդությանն ուղղված գործողությունների համար ուժային հիմնական կենտրոնների, հատկապես` ԱՄՆ-ի և ԵՄ-ի` եթե ոչ քաղաքական աջակցությունը, ապա առնվազն լոյալ վերաբերմունքը ստանալու համար:

Ուշագրավ է, որ հրավիրված դեսպանների թվում բացակայում էր ՌԴ դեսպան Իվան Վոլիկինը: Դժվար է ասել` նրան չե՞ն հրավիրել` մյուս դեսպանների մասնակցությանը չխոչընդոտելու կամ ՌԴ-ի հանդեպ դեմարշ իրականացնելու նպատակով, թե՞ դեսպանն ինքն է մերժել հրավերը:

Սակայն հետաքրքրականը ոչ թե դա է, այլ դեսպանների հետ հանդիպելու տակտիկական այդ քայլը հենց Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով իրականացնելը: Բանն այն է, որ 2013-ից հետո փաստացի քաղաքական ինքնամեկուսացման գնացած Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին շրջանում ոչ միայն տարօրինակ գերակտիվություն է սկսել հանդես բերել, այլև բացահայտ խոսել իր քաղաքական ամբիցիաների մասին:

Նախքան դեսպանների հետ հանդիպելը Հովհաննիսյանը հանդես եկավ հասարակությանն ուղղված տեսաուղերձով` դավաճանության մեջ մեղադրելով սահմանադրական փոփոխություններին «այո» քվեարկել պատրաստվող քաղաքացիներին և խոսելով «իշխանությունը բռնազավթած ռեժիմը հեռացնելու» անհրաժեշտության մասին: Հովհաննսիյանը նաև մամլո ասուլիս հրավիրեց, որի հիմնական նպատակն էր հավաստիացնել, թե չի պատրաստվում կրկնել 2013թ. նախագահական ընտրությունների շրջանում թափ հավաքած ժողովրդական շարժումը մարման տանելու` իր սխալը: Այդ ուղերձը նա հնչեցրեց 2013-ին հուսախաբ անելու համար հանրությունից ներողություն խնդրելու «ժեստի» միջոցով: «Եթե ես սխալ եմ արել՝ ներողություն եմ խնդրում, եւ մենք միասին կգնանք հարց լուծելու: Դա ենթադրում է քաղաքացիների բանակ, միասին երկարատեւ կանգնելը...»,- ասել էր նա` փաստացի ցույց տալով, որ ձգտում է կրկին ստանձնել թե\' «Նոր Հայաստանի» և դրանով պայմանավորված արմատական ընդդիմության, թե\', առհասարակ, մեկնարկող նոր գործընթացի առաջնորդի և թե\', նույնիսկ, երկրի ապագա նախագահի  դերը: «Ես պատրաստ եմ նորից դնել թեկնածությունս, եթե պետք լինի, բայց նախընտրում եմ կանգնել երիտասարդ սերնդի կողքին»,- ասել էր Հովհաննիսյանը:

Այլ կերպ ասած` թե\' սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը և թե\' դեկտեմբերի 1-ից մեկնարկող գործընթացը ծառայեցվում են Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վերակենդանացմանը: Դեսպանների հետ նրա անձամբ հանդիպելն ուղղված էր այդ դերակատարության արտաքին լեգիտիմության ապահովմանը: Դատելով այն բանից, որ Գարեգին Չուքասզյանը ևս մասնակցում էր «լիդերաօծման» այդ յուրօրինակ միջոցառմանը, պետք է եզրակացնել, որ «Նոր Հայաստան»-ում Հովհաննիսյանի լիդերության շուրջ կոնսենսուս կամ համաձայնություն է ձեռք բերվել: Պարզ չէ միայն, թե այդ կոնսենսուսը ժամանակավո՞ր բնույթ ունի` հասարակությանը նրա կերպարի շուրջ մոբիլիզացնելու համար, թե՞ նրան իսկապես դիտարկում են որպես ապագա նախագահացու:

Մեկ բան, սակայն, ակնհայտ է` «Ժառանգությունը» չափից դուրս շատ է կաշվից դուրս գալիս իր վճռականության մեջ հանրությանը համոզելու հարցում` չերկնչելով շրջանառության մեջ դնել նաև իշխանափոխությունը «այլ» ուժով իրականացնելն արդարացնելուն ուղղված թաքնված ուղերձներ: Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից հայտնի խմբի վնասազերծումից հետո «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երկար ուսումնասիրելուց հետո էսօրվա «ահաբեկիչներին» համարում եմ կարգին հայեր, ովքեր միգուցե այլ լուծումներ էին տեսնում երկիրն էս վիճակից դուրս բերելու համար, ու միգուցե քայլերի էին գնալու, որ մենք այդքան խիզախություն չունենք նրանց նման մտածելու… »: Հետաքրքիր է` երբ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է այն մասին, որ ոչ մի աթոռ անգամ մեկ հայի արյուն չարժե, ուրիշների ձեռքով կրակից շագանակներ հանելու` իր ենթակաների` այս միանգամայն «անմեղ» ակնարկնե՞րը նկատի ունի...

Գևորգ Դարբինյան