Փոխարժեքներ
02 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հրապարակ» թերթը գրում է. Հուլիսին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատված Հակոբ Սիմիդյանը ՔՊ վարչության ընտրություններից հաշված օրեր առաջ ՔՊ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։
Մեր տեղեկություններով՝ նա չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղվածությունը եւ որոշել է իր վերաբերմունքն այսպես արտահայտել։
Գրել էինք, որ Սիմիդյանի հրաժարականը թեպետ վաղուց հասունացած քայլ էր, քանի որ նրա աշխատանքից կառավարությունում բոլորն էին դժգոհ, սակայն վերջին կաթիլը դարձել է այն, որ Գորիսում իշխող ուժի քաղաքական ժողովին նա հանդգնել էր հակաճառել Փաշինյանին, դեմ խոսել վարչության ընտրությունների քարոզչական որոշ կարգերի մասին, ինչն էլ, ասում են, Փաշինյանը չի հանդուրժել եւ երկու օր անց ազատել է նրան։
Մեր աղբյուրներն ասում են, որ Սիմիդյանն իրականում, որպես այդպիսին, քարոզարշավ էլ չի արել ՔՊ պատվիրակների շրջանում՝ համարելով, որ իր կողմից քննադատված կարգերով քարոզչության մասնակցելը սխալ է։ Թե կոնկրետ ինչից է դժգոհ եղել, մեր աղբյուրը չհայտնեց։
Երեկ փորձեցինք անձամբ նրանից պարզել, սակայն նա չցանկացավ խոսել այդ մասին, միայն հաստատեց, որ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։ Արդյոք հեռանո՞ւմ է կուսակցությունից, Սիմիդյանը վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել։
Հիշեցնենք, որ նա երկար տարիներ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից էր՝ նրա օգնականը, վարորդը, 2009-ին էլ Փաշինյանը որոշ ժամանակ Սիմիդյանի տանն էր թաքնվել։