կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-01 00:46
Քաղաքական

Եվրոպան հաճոյանո՞ւմ է Թուրքիային

Եվրոպան հաճոյանո՞ւմ է Թուրքիային

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծումը չի կարող դրական ազդեցություն ունենալ ղարաբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորման վրա. անդրադառնալով ուրբաթ օրը ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովի ստեղծմանը` «Նովոստի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

 

Նա կրկին վերահաստատեց հայկական կողմի փաստարկը, որ, բացի Մինսկի խմբի ձեւաչափից, բոլոր այլ ձեւաչափերը կվնասեն ԼՂ խնդրի խաղաղ լուծմանը:

 

«ՀՀ դիրքորոշումն այս հարցում հստակ է` Թուրքիայի բոլոր ջանքերը` մտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ, ձախողվելու են, որովհետեւ ե՜ւ ՀՀ-ը, ե՜ւ ԼՂՀ-ն երբեք դա թույլ չեն տա»,- նշեց Շարմազանովը` հավելելով, որ Թուրքիան վարում է Չավուշօղլուի նեոօսմանականության տեսությունից բխող քաղաքականություն, իսկ նեոօսմանիզմն ապագա չի կարող ունենալ: «Սա վտանգ է ոչ միայն Թուրքիայի հարեւանների, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,- հավելեց պատգամավորը:

 

Ի դեպ, ենթահանձնաժողովը վերստեղծելու` թուրքական կողմի «հաջողությունը» Շարմազանովը չի պայմանավորում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության վատ աշխատանքով: «Այստեղ խնդիրն այլ է. պարզապես Եվրոպան, չընդունելով Թուրքիային Եվրամիություն, «վախենում է», որ Թուրքիան կգնա դեպի մուսուլմանական աշխարհ: Կարծում եմ` միայն Թուրքիային շոյելու համար թույլ տվեց ենթահանձնաժողովի ստեղծումը, եւ սա ավելի շատ դեկլարատիվ քայլ է, որ գործնականում դժվար թե կիրառվի»,- եզրափակեց Է. Շարմազանովը: