կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 22:09
Առանց Կատեգորիա

Ղարաբաղյան գամբիտ Թրամփի հակաիրանական «արշավանքում»

Ղարաբաղյան գամբիտ Թրամփի հակաիրանական «արշավանքում»

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում անդրադարձել է արցախյան հիմնահարցի կարգավորմանը: Նա նշել է, թե ԱՄՆ նոր վարչակարգի հետ դեռևս շփումներ չեն եղել, հետևաբար չի կարող մեկնաբանել, թե ինչպիսին է լինելու այդ հակամարտության կարգավորման գործընթացը ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնավարման ընթացքում:

Դոնալդ Թրամփի՝ ԱՄն նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո արցախյան հիմնահարցի հետ կապված Վաշինգտոնի քաղաքականությունը մնում է կատարելապես անորոշ: Ընտրական մարաթոնի ընթացքում և դրանից առաջ Թրամփը ոչ մի անգամ այս հակամարտության մասին չի խոսել և պատկերացում չկա, թե ինչպիսին է նրա մոտեցումը: Նախագահ ընտրվելուց հետո ևս այդ մասին խոսելու առիթ նա դեռ չի ունեցել: Փոխարենը, մի քանի ոչ էական ակնարկներ է արել նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը: Հունվարի 23-ին կոնգրեսում պետքարտուղարի պաշտոնում նրա թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ Կոնգերսականներից մեկի հարցին պատասխանելով նա նշել է, թե այդ «սառեցված» հակամարտությունը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին, և ինքը կաշխատի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ երկարատև ու խաղաղ լուծում գտնելու համար: Նա նշել էր, թե առաջին քայլը կողմերի միջև վստահության վերականգնումը պետք է լինի:

Ուշագրավ է, որ Թիլերսոնը ԼՂ հիմնահարցը «սառեցված» է որակում՝ չնայած ապրիլյան պատերազմից դեռ մեկ տարի չի անցել և Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներով շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը: Դժվար է ասել՝ սա ամերիկյան ստերետիպային մոտեցումն է՝ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ ԼՂ հիմնահարցին երկրորդային նշանակություն տալու պատճառով, թե՞ այն կոնկրետ ուղերձ է պարունակում: Փաստ է սակայն, որ այս հարցում Թիլերսոնը կրկնում է իր նախորդին՝ Ջոն Քերիին: Վերջինս սեպտեմբերին ԼՂ խնդիրը դասել էր աշխարհի սառեցված հակամարտությունների շարքին:

Այս նույնական ընկալումները թույլ են տալիս ենթադրելու, որ գործունեության մեկնարկին ամերիկյան նոր վարչակարգը ուզում է հանդես գալ նախկինի քաղաքականությունը շարունակելու դիրքերից: Սակայն մյուս կողմից Թիլերսոնը ԼՂ խնդիրը ԱՄՆ ազգային անվտանգության շահերի սպառնալիք է համարում՝ թերևս ակնարկելով, որ Վաշինգտոնը գուցե ավելի կմեծացնի այս տարածաշրջանում իր ակտիվությունը: Համենայնդեպս Մոսկվայում կարծես թե հենց այդպես եմ ընկալել նրա հայտարարությունը:

Անդրադառնալով դրան՝ Մարիա Զախարովան նշել է, չնայած Վաշինգտոնն  ինքն է որոշում սեփական անվտանգության սպառնալիքները, սակայն ԼՂ հիմնահարցն առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի զարգացմանն ու կայունությանն է սպառնում: Զախարովան, ըստ էության ասում է, թե Մոսկվան կհոգա, որպեսզի ԱՄՆ-ն այդ հակամարտությունում, Ռուսաստանի կենսական շահերի գոտին համարվող տարածաշրջանում ավելի շատ անելիք չունենա, քան մինչև հիմա ունեցածը:

Ինչևէ շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի ընթացք կստանան  Թրամփի վարչակարգի և Կրեմլի հարաբերությունները: Մոսկվայից հնչող վերջին հայտարարությունները վկայում են, որ ընտրություններում Թրամփի հաղթանակով պայմանավորված նախնական էյֆորիան աստիճանաբար անցնում է և էական բեկումներ չպետք է սպասել: Այս համոզմունքն ավելի ամրապնդվեց, երբ Սպիտակ տանից հայտարարեցին, թե առայժմ Ռուսաստանի նկատմամբ սահմանված սանկցիաները վերանայելու մտադրություն չկա: Որոշ վերլուծաբաններ գտնում են, թե ամենևին չի բացառվում, որ Թրամփի վարչակարգը պարզապես Ռուսաստանին կհանձնի ԼՂ հիմնահարցի «հսկիչ փաթեթը»՝ դրան մեծ կարևորություն չտալու, հարավկովկասյան տարածաշրջանը Մոսկվային «հանձնելու» տրամադրվածության պատճառով: Սակայն մի շատ կարևոր հանգամանք հիմք է տալիս ասելու, որ Վաշինգտոնը գուցե կգործի լրիվ հակառակ տրամաբանությամբ:

Այն հանգամանքը նոր, վտանգավոր երանգներ ստացող ամերիկա-իրանական դիմակայությունն է: Օրեր առաջ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ փորձարկեց, որը Վաշինգտոնը որակեց որպես Իրանի կողմից ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների խախտում: Երեկ Թրամփը հայտարարել է, թե այնքան բարի չի լինելու Իրանի նկատմամբ, որքան Օբաման էր: «Իրանը կրակի հետ է խաղում»,-ասել է ԱՄն նախագահը, մեկ այլ առիթով նշելով, թե չի բացառում Իրանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ մտնելու հեռանկարը:

Կարծես ուրվագծվում է մերձավորարևելյան թնջուկը՝ նոր վարչակարգի կողմից Սիրիայից իրանական հարթություն տեղափոխելու ձգտումը: Այն Սիրիայում ռազմավարական պարտություն կրելու անուղղակի խոստովանություն է և նպատակ ունի նվազեցնելու Ռուսաստանի հետ ներկայիս առճակատման սրությունը՝ առանց մերձավորարևելյան տարածաշրջանը վերաձևելու ռազմավարական նպատակից հրաժարվելու: Այս հանգամանքը սպառնալիք է ստեղծում արդեն Իրանի և նրանով պայմանավորված հարավկովկասյան տարածաշրջանի համար, որտեղ ԼՂ հիմնահարցը Թեհրանի թիկունքում «թաքցված» ժամանակով աշխատող ռումբ է: Ողջ հարցն այն է՝ կփորձի ԱՄՆ-ն դա օգտագործել. կփորձի կանգնեցնե՞լ այդ «ռումբի» գործողությունը՝ «իրանական արշավանքին» խանգարող պոտենցիալ գործոնները չեզոքացնելու համար, թե՞ ավելի կբորբոքի՝ ապակայունացնելով Իրանի հյուսիային սահմանները նրա դեմ «արշավանքում» և Ռուսաստանին ստիպելով գլուխը թաղել ղարաբաղյան եռացող կաթսայում և ազատել իր ձեռքերը Իրանի հարցում:

Բացի դրանից Վաշինգտոնը հաստատել է, որ Իրանի նկատմամբ նոր սանկցիաներ է նախապատրաստում, որոնք կարող են առնչվել այդ երկրի ռազմական ոլորտի ընկերություններին: Հարց է առաջանում, թե այդ համատեքստում ամերիկյան նոր վարչակարգն ինչպե՞ս է մոտենալու Իրանի և Հայաստանի միջև այս օրերին ուրվագծվող ռազմաքաղաքական տանդեմի ձևավորմանը և ռազմական, տնտեսական ոլորտներում երկու երկրների ակնհայտ մերձեցմանը: Փաստ է, որ որևէ պատժամիջոցի կիրառում, առավելևս պաշտպանական, ռազմական ոլորտի հետ կապված, բացարձակապես Հայաստանի շահերից չի բխում:

Եթե մինչև այսօր հայկական օրակարգի հանդեպ Թրամփի անտարբերության պատճառով արդարացվում էր նրա թիմի հետ չաշխատելու հայկական շրջանակների մարտավարությունը, Երևանի սպասողականությունը, հիմա որքան հնարավոր է արագ պետք է կոնտակտներ գտնել և փորձել պարզել տարածաշրջանի խնդիրների հետ կապված նոր վարչակազմի գոնե մոտավոր ուղենիշերը:

Գևորգ Դարբինյան