կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-13 11:19
Առանց Կատեգորիա

Սիրիական գամբիտ

Սիրիական գամբիտ

Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից` Թունիսի, Եգիպտոսի, Լիբիայի նախագահների անկումից հետո միջազգային  հանրության ուշադրության կենտրոնում հիմա Սիրիան է ու այս երկրի ճակատագիրը: Եվ եթե Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը կկարողանա խուսափել մահապատժից, քանի որ նա վաղուց արդեն անցել է 80-ի սահմանը, իսկ Եգիպտոսում 80 տարեկանից բարձր մարդկանց հանդեպ արգելվում է մահապատիժ կիրառել, դեռեւս ոչինչ չի կարելի ասել Սիրիայի անհամեմատ ավելի երիտասարդ նախագահ Բաշար ալ Ասադի մասին:

Ու եթե Լիբիան, մեզ` հայերիս, կարող էր չհուզել, որովհետեւ այնտեղ ապրող հայերին կարելի էր մատների վրա հաշվել, նրանք էլ, բարեբախտաբար, տագնապի հենց առաջին ալիքից հետո դուրս բերվեցին երկրից, Սիրիայի մասին չանհանգստանալ պարզապես չենք կարող: Այստեղ, վերջին տվյալներով, մոտ 40 հազարանոց հայ համայնք կա, որը շունչը պահած հետեւում է իրադարձություններին` չիմանալով, թե հնարավոր իշխանափոխության դեպքում ի՞նչ ճակատագրի կարժանանա:

Ինչեւէ, մինչ Սիրիա մեկնելս, արեւմտյան լրատվամիջոցներով այնքան սարսափելի պատմություններ էինք լսել «ռազմական իրավիճակում գտնվող Սիրիայի», սպանված հարյուրավոր §խաղաղ ցուցարարների¦ մասին, որ Սիրիա մեկնելս ընկերներիս աչքում ինքնասպանության հավասար քայլ էր համարվում: Բավական մեծ եղավ զարմանքս, երբ բոլորովին այլ պատկեր տեսա: Այստեղ խուճապ չկար եւ քանի որ Ռամադանի ամիսն էր, փողոցները մինչեւ լուսադեմ լեփ-լեցուն էին: Պարզվեց այն, ինչ  ներկայացվում էր մեզ, մեղմ ասած, չէր համապատասխանում իրականությանը:

Օրինակ` Սիրիայի ծովափնյա Լաթաքիա քաղաքում, որտեղ, արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, արյունալի իրադարձություններ էին տեղի ունեցել, ականատեսները պատմեցին, որ խռովարարներն ընդամենը §մինչեւ ատամները զինված¦ 30-40 հոգի են եղել: Եվ ընդամենն այդ 30-40  հոգին ողջ քաղաքում պատերազմի տպավորություն են ստեղծել` պատշգամբներից կրակելով  ու ինքնաշեն ռումբեր նետելով: Իսկ այստեղ մտած զորքին ժողովուրդն օրհնում է` իրենց անդորրը վերականգնելու համար. հիմա այստեղ խաղաղ է:

Ժողովրդին սարսափահար են անում նաեւ հիմնականում գյուղական ճանապարհներին տեղի ունեցող իրադարձությունները: Այստեղ, օրինակ, երբեմն «ցուցարարները» կանգնեցնում են անցնող մեքենաները եւ բռնություն կիրառում ուղեւորների նկատմամբ: Օրինակ` Բեյրութ մեկնող հալեպցիների մեքենան կանգնեցրել էին, ստուգել բջջային հեռախոսները, ջնջել բոլոր հայրենասիրական երգերն ու ստիպել էին հայհոյել նախագահ Ասադին:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ միայն Համա եւ նախագահի կնոջ ծննդավայր Հոմս քաղաքներում: Այստեղ զոհեր լինում են թե՛ ցուցարարների, թե՛ բնակչության, թե՛ զորքի շրջանում: Սակայն, չգիտես ինչու, արեւմտյան լրատվամիջոցները, ինչպես նաեւ պարբերաբար նրանց հղում անողները, հիշում ու անդրադառնում են միայն §խաղաղ ցուցարարներին¦: Բայց այս երկրի սահմանին առգրավվող զենք-զինամթերքի, թմրանյութի հսկայական պաշարների մասին, մորթված ու գետերը լցված զինվորների մասին որեւէ մեկը ոչ մի խոսք չի ասում: Հենց այս ոչ օբյեկտիվ լուսաբանումն է, որ բնակչության շրջանում հիմնավորում է այն կասկածները, որ օտար լրատվամիջոցները` BBC-ն, CNN-ը, Al Jazeera-ն, Al arabia-ն եւ ուրիշներ, քաղաքական պատվեր են կատարում:

Ամենեւին նպատակ չունենալով արդարացնել նախագահ Բաշար ալ Ասադին, չհերքելով, որ երկրի փողոցներում իրոք զորք կա, որոնց գործողությունները ոչ միշտ են արդարացված, չհերքելով, որ Սիրիան լուրջ բարեփոխումների կարիք ունի, որ այստեղ հաճախ սահմանափակվում է խոսքի ազատությունը, քաղաքական հայացքների համար մարդիկ են հետապնդվում, հազար ու մի անարդարություն է տեղի ունենում, պարզապես ցանկանում ենք նկատել, որ մեզ մատուցված ինֆորմացիան շատ հաճախ խեղաթյուրված է եւ միշտ չէ, որ այն պետք է §հալած յուղի¦ տեղ ընդունել:

Դարձյալ անդրադառնալով համայնքին, հիշեցնենք,  որ թե՛ նախագահ Բաշար Ասադը, թե՛ նրա հայրը` Հաֆեզ Ասադը ընդգծված դրական վերաբերմունք են ունեցել հայ համայնքի հանդեպ: Այժմ էլ սիրիահայերն արտահայտում են իրենց երախտագիտությունը` դժվարին կացության մեջ անվերապահորեն աջակցելով նրան: Սակայն բոլորի սրտում թաքուն վախ կա: Ցանկացած իշխանափոխություն երկրում, կամ միջազգային ուժերի միջամտություն կարող է ազգային փոքրամասնություններին ճնշելու ու կրոնական հալածանքի ենթարկելու պատճառ դառնալ: Իսկ այդ պարագայում փախուստի ճանապարհը միակն է` դեպի Հայաստան: Հարկ է նկատել նաեւ, որ շատացել են երկքաղաքացիություն ստանալու համար Հայաստանի դեսպանատուն դիմողների եւ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող սիրիահայերի թիվը:

 

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ

Հալեպ-Երեւան