կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 12:23
Տարածաշրջան

Սա ոչ թե Հնդկաստանն է, այլ՝ Վանը․ տարօրինակ անվամբ գյուղ Արևմտյան Հայաստանում

Սա ոչ թե Հնդկաստանն է, այլ՝ Վանը․ տարօրինակ անվամբ գյուղ Արևմտյան Հայաստանում

Վանի Գյուրփընար (Հայոց Ձոր) գավառին պատկանող Էրքալդը գյուղը շուրջ մեկ դար է, ինչ հիշատակվում է «Հնդկաստան» անվամբ։ Գյուղի մուտքի մոտ տեղակայված վահանակում նշված այդ զույգ անունները զարմացնում են անցորդներին։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում մոտ 300 հոգի բնակչություն ունեցող այս գյուղն արդեն տասնամյակներ շարունակ հայտնի է «Հնդկաստան» անունով։ Աղբյուրում նշվում է, թե Հնդկաստան երկրի հետ ոչ մի կապ չունեցող այս գյուղն այդպես է կոչվել այնտեղ ապրած հայերի կողմից, որոնցից մնացած տների հետքերը դեռ պահպանվում են գյուղում։

Գյուղն իր այդ անվան շնորհիվ շարժում է տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկիների հետաքրքրությունը։ Մոտ 300 հոգի բնակչություն ունեցող սույն գյուղի գյուղապետ Հալիլ Թաշերի խոսքով՝ այստեղ բոլորը միմյանց ազգական են։ Գյուղապետը նաև շեշտել է, որ իրենցից առաջ հայեր են ապրել գյուղում (վստահաբար այն ամբողջովին հայկական է եղել-Ակունքի խմբ), և որ այստեղ ենթադրաբար 2 հայկական եկեղեցիներ են գտնվել, որ, սակայն, քանդվել են։ Եկեղեցու ավերակների վրա գյուղի մզկիթն է կառուցվել։ Գյուղապետն ընդգծել է, որ հայերից միայն հին տների ավերակներն են այստեղ մնացել։

Հալիլ Թաշերը նաև հայտնել է, որ նախկինում այստեղ խաղող, ընկույզ և տանձ են աճել, սակայն այսօր այլևս չեն աճում (գյուղատնտեսությունն այստեղ հետընթաց է ապրել Հայոց ցեղասպանությունից հետո-Ակունքի խմբ)։ Նրա խոսքով՝ անասնապահության և այգեգործության բավարար չափով զարգացած չլինելու պատճառով գյուղի երիտասարդ բնակիչները նախընտրում են հեռանալ այստեղից։

Վերջում գյուղապետը նշել է, որ գյուղի բնակիչները երբ ասում են, թե «Հնդկաստանից» են եկել, ունկնդիրների զարմանքն են հարուցում։

https://www.sabah.com.tr/yasam/burasi-hindistan-degil-van-5796196 

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net