կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 16:46
Իրավական

Թուրքիայի հետ սահմանն ապօրինի հատած աֆղանստանցիները միամի՞տ են հայտնվել Հայաստանում

Թուրքիայի հետ սահմանն ապօրինի հատած աֆղանստանցիները միամի՞տ են հայտնվել Հայաստանում

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լևոն Արազյանի նախագահությամբ, շարունակում է քննվել նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ համայնքի տարածքում հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած` Աֆղանստանի քաղաքացիներ Շոքաթ Ամինզանի և Սեդիղոլլահ Ալիզադենի վերաբերյալ գործը: Արդեն մի քանի դատական նիստ է, ինչ դատարանին չի հաջողվում ապահովել գործով վկաների` աֆղանստանցիներին հայտնաբերած` սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների ներկայությունը:

Yerkir.am-ին Շոքաթ Ամինզանի և Սեդիղոլլահ Ալիզադենի պաշտպան Տիգրան Սաֆարյանից տեղեկացավ, որ գործի քննության ընթացքում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն ամբաստանյալներին ապահովել է թարգմանչով, ինչպես նաև կազմակերպում է հարազատների հետ նրանց կապը: Փաստաբանը հայտնեց, որ, համաձայն նախաքննության տվյալների, ամբաստանյալները հայտնել են, որ իրենց նպատակը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասնելն էր, և որ իրենք պատահական են հատել Հայաստանի հետ սահմանը: Նրա խոսքով` նախաքննության ընթացքում հարցումներ են կատարվել, ճշտվել են նրանց անձնական տվյալները:

Ուշագրավ է, որ գործի նախաքննության ընթացքում Աֆղանստանի քաղաքացիները նախապես այլ բան էին ասել: Մասնավորապես` հայտնել էին, որ իրենք փախել են Աֆղանստանից և Հայաստան մտել քաղաքական ապաստան խնդրելու նպատակով, անգամ` համապատասխան դիմումներ են ներկայացրել միգրացիոն ծառայություն:

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Շոքաթ Ամինզան, նախնական համաձայնության գալով Սիդիկոլլա Մոհամմադի Ալիզադանի հետ, 2015թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 18:00 սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող հայ-թուրքական պետական սահմանի թիվ 5/5 սահմանային նշանի հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից մուտք գործել Հայաստան: Նրանք բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից: Երկուսն էլ այժմ գտնվում են կալանքի տակ: