|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում իրականում երկու վտանգավոր բան կար Հայաստանի համար. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուներ 2 ծրագիր՝ հասնել առավելագույնին կամ ստանալ նվազագույնը, և նա հասավ իր ուզածին:
«Ադրբեջանն ուներ երկու ծրագիր` մաքսիմում՝ Ռոբերտ Ուոլթերի նախագծով, մինինում՝ Միլիցայի նախագծով: Ադրբեջանը ստացավ մինիմումը, սակայն դա չի նշանակում, որ մենք հաղթեցինք, քանի որ նույնն է, թե ասենք` գրավեցին ոչ թե ամբողջ քաղաքը, այլ քաղաքի կեսը»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա` առաջին անգամ ԼՂՀ-ն դիտարկվեց որպես ՀՀ-ի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածք: Զուրաբյանն ընդգծեց, որ հայկական պատվիրակության որոշ անդամներ շեշտում են, որ ԵԽԽՎ տեքստերում որևէ բան չի փոխվել և, 2005-ից սկսած, նույն բանն է քննարկվում: Սակայան Միլիցիա Մարկովիչի ներկայացրած բանաձևն Ադրբեջանի համար մեկ քայլ առաջ էր, իսկ հայկական դիվանագիտության համար` հետընթաց:
Ըստ ՀԱԿ խմբակության ղեկավարի՝ ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների վտանգներից մեկն այն էր, որ Ռոբերտ Ուոլթերի նախագծում հղում էր կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, սակայն առաջարկվում էր բոլորովին այլ բան, որն իրականում խարխլելու էր բանակցային գործընթացը:
«Ուոլթերի բանաձևը չանցավ, քանի որ Մինսկի խմբի համանախագահները տեր կանգնեցին իրենց մանդատին: Նրանք հստակ հասկացան, որ զեկույցի անցկացման դեպքում կզրկվեն հեղինակությունից: Բացի դա` լուրջ մտահոգություն կար, որ ԼՂՀ-ում կարող են նաև ռազմական լայնածավալ գործողություններ սկսվել: Ես դեռ անցյալ տարի եմ ասել, որ իրավիճակը կփոխվի Մինսկի խմբի միջամտության պարագայում»,- ընդգծեց նա:
Զուրաբյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի զեկույցը չանցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքով` 70 տոկոս, հայկական դիվանագիտության՝ 15 տոկոս, ԵԽԽՎ հայկական պատվիրակության՝ 15 տոկոս:
Նա նաև նշեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության պահվածքը սխալ է, քանի որ լինում են անտեղի հակաադրբեջանական հարձակումներ: «Զեկույցներում դուք նման շեշտադրումներ կտեսնեք, և դա պատահական չէ: Մենք պետք է նման հարց տանք, թե ինչու 98 պատգամավոր դատափետում է հայկական պատվիրակությանը»,- եզրափակեց Զուրաբյանը: