Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Կատարվող փոփոխությամբ առաջարկվում է գրավադրված ապրանքների դիմաց գումարը չվճարելու դեպքում հարուցել քրեական գործ և այդ կերպ ստանալ վճարը:
ԿԲ տեղակալ Ներսես Երիցյանը փորձում էր հիմնավորել, որ այս ձևն են գտել որոշ խնդիրներ կարգավորելու համար, որովհետև շատ են դեպքերը, երբ գրավադրված շարժական գույքը իրացվելի չի լինում: Նա նշեց, որ բանկերը հետաքրքրված չեն` գրավադրված անշարժ գույքը իրացնելով: Երիցյանն արձագանքեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն արտահայտությանը, որ ազգովի վարկի տակ ենք:
«Եթե ազգովի վարկի տակ լինեինք, ապա զարգացած տնտեսություն կունենայինք, զարգացած երկիր կլինեինք, որովհետև զարգացած երկրներում մարդիկ ավելի շատ վարկեր ունենք, քան մեր երկրում է, դա փաստ է»,- ասաց նա:
ՕԵԿ-ական պատգամավորը արձագանքեց` ասելով, որ մեր երկիրը չի կարելի համեմատել զարգացած երկրների վարկերի հետ, որովհետև միայն մեր երկրում է, որ գրավի առարկան մի քանի անգամ էժան են գնահատում, իսկ տոկոսադրույքները շատ բարձր են:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` ասելով, որ դեմ է սույն օրենքի քրեականացմանը, քանի որ քաղաքացիա-իրավական հարթության հարցը չի կարելի տեղափոխել քրեական հարթություն: Հարցը պետք է հասարակական վտանգավորություն ունենա, որ հարուցվի քրեական գործ: «Նոր հոդված գրել պետք չէ, դիտավորյալ սեփական գույքը փչացնելը խարդախություն է»,- ասաց նա:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ ինքն էլ դեմ է այդ օրենքի փոփոխությանը, որովհետև փորձ է արվում քրեականացնել բանկային ոլորտի քաղաքացիա-իրավական ոլորտի խնդիրները ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով: Պատգամավորի խոսքով՝ ենթադրենք` մարդը չի կարողանում վճարել վարկը, իսկ այդ պահին էլ նրա շարժական գույքը վնասվել է, և մեծ է հավանականությունը, որ նրա դեմ քրեական գործ կհարուցեն ու կբանտարկեն: Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունը լրջագույն վտանգներ է պարունակում, և ինքը դեմ է քվեարկելու:
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նշեց, որ խնդիրը պետք է նախևառաջ ԱԺ հանձնաժողովում քննարկվեր, ոչ թե միանգամից լիագումար նիստում: Պատգամավորի կարծիքով` քաղաքացիա-իրավական հարթության հարցը քրեական հարթության մեջ տեղափոխելը լի է լրջագույն խնդիրներով: Նա առաջարկեց հանձնաժողովում անպայման քննարկել խնդրահարույց հարցը: