Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն ոսկե մեդալ շնորհելու փաստին: Նա նախ հորդորեց ուշադիր կարդալ ոսկե մեդալ ներկայացնելու կարգը: «Ոսկե մեդալ ստանում են 12 տարվա` սովորելու արդյունքների հիման վրա: Անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա, թե` ոչ, դժբախտ դեպք է եղել, թե` ոչ, երեխան ոսկե մեդալը ստանում է իր աշխատանքի համար: Եթե նրա մասնակցությամբ դժբախտ դեպք է արձանագրվել, հարուցված է քրեական գործ, ապա ի՞նչ հիմքով, իրավունքով պետք է նրա գիտելիքի, նրա ուսման համար նախատեսված պարգևը չտրվի նրան»,- ասաց նախարարը:
Մկրտչյանը հորդորեց երկու խնդիր իրար հետ չկապել: Ազատազրկման մեջ գտնվող քաղաքացիներն էլ ունեն իրավունքներ, այդ թվում` նաև կրթության իրավունք: Նախարարի խոսքով՝ եթե մեկը ազատազրկման վայրում է իր պատիժը կրում, բայց արձանագրում է, ասենք, գիտական առաջընթաց, նրան այդ առաջընթացի իրավունքը չպե՞տք է տրվի: «Իրար հետ մի խառնեք երկու հարթություն: Հիմա եթե որևէ մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցված, բայց նա սպորտի բնագավառում մեդալակիր է, ի՞նչ անենք, մեդալը վերցնե՞նք նրա ձեռքից: Քրեական ընթացքը պետք է առանձնացնել որևէ բնագավառում անձի առաջադիմությունից»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք մեդալ ստանալու գործում դեր չի խաղացել հայրը՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ ժամանակին՝ 1998-ին, իր նախաձեռնությամբ վերացվեցին մեդալի տված արտոնությունները. ոսկե մեդալը որևէ արտոնություն չէր տալիս, բացի բարոյական չափանիշից: Դրանից հետո կտրուկ վիճակը կարգավորվեց: Ինքն էլ եղել է համալսարանի ղեկավար կազմում գտնվող պաշտոնյայի երեխա, երբ սովորում էր համալսարանում, և Լենինյան կենսաթոշակ է ստացել: Հիմա ինչպե՞ս կարող է նախարարը պատասխանել` պաշտոնյայի զավակ լինելու հանգամանքը ազդե՞լ է, եթե ինքը լավ է սովորել:
«Որևէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալակիր լինելու: Պաշտոնյայի երեխաները նույն ձևի երեխաներ են, ոնց որ բոլորի երեխաները, և նրանք էլ ենթարկվում են մեր օրենսդրությանը: Իսկ եթե պաշտոնյայի զավակ լինելը դեր է ունեցել, ուրեմն պետք է մեղադրել դպրոցի ղեկավարությանը»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նախարարի համոզմամբ՝ եթե երեխան հանցանք է կատարել, պատժված է, դա չի նշանակում` սովորելու կամ տարբեր ոլորտներում առաջընթաց գրանցելու իրավունքից պետք է նրան զրկել: «Ոսկե մեդալը տրվում է ուսման մեջ առաջադիմության համար»,- շեշտեց Լևոն Մկրտչյանը: