կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 12:57
Քաղաքական

ԲՀԿ-ն կքննարկի Արման Բաբաջանյանի մեղադրանքներն իրավական հարթություն տեղափոխելու հարցը. Աբովյան

ԲՀԿ-ն կքննարկի Արման Բաբաջանյանի մեղադրանքներն իրավական հարթություն տեղափոխելու հարցը. Աբովյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի նախկին օգնականն է, անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին, լրագրողներին ասաց. «Երբ սուտ տեղեկություն է տարածվում, դա ունի հստակ նպատակ:

«Ես չեմ կարող ասել, թե նպատակը որն էր, մենք կվերլուծենք: Փորձում են վարկաբեկել, որն ունի հստակ նպատակներ, սա իմ անձնական կարծիքն է»,- նշեց նա:

Հարցին՝ Մանուկյանին պաշտպանում է այն բանի համար, որ երեք տարի աշխատել է նրա խորհրդակա՞ն, թե՞ որ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է, Աբովյանը պատասխանեց. «Միայն այն փաստի համար, որ ես իմ աչքերով տեսել եմ այն աշխատանքը, որն արել է պարոն Մանուկյանը: Հայերի կյանքին վտանգող իրադարձությունների ժամանակ անձամբ Մանուկյանն այդ վտանգը չեզոքացնում էր»:

Անդրադառնալով Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե Անդրանիկ Մանուկյանը Ուկրանիայում հնդկահավերի բիզնես ունի, պատգամավորը հերքեց տեղեկությունները: «Ոչ, նա բիզնեսով չի զբաղվում, ես միանշանակ պնդում եմ: Եթե, բացի խոսքերից, լինեն փաստարկներ, ապա կհնչեցվեն»,- ասաց նա:

Աբովյանի խոսքով` իրենք պատրաստ են քննադատություններ լսել, բայց ոչ` զրպարտություններ:

Արման Բաբաջանյանը նշում է, որ պատրաստ է դատարանում էլ փաստեր ներկայացնել: Աբովյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ հարցը տեղափոխվի իրավական հարթություն: «Մենք կքննարկենք: Ես հասկանում եմ, որ այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է: Քաղաքական դաշտում մի տեղ զբաղեցնելու համար սա բավականին հետաքրքիր տեխնոլոգիա է»,- ասաց նա: