կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-20 13:19
Քաղաքական

Իմ նպատակը «այո»-ները հաշվելը չէ. Աղվան Վարդանյան

Իմ նպատակը «այո»-ները հաշվելը չէ. Աղվան Վարդանյան

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՀՅԴ-ի` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող մարզային հանդիպումներին: Պատասխանելով հարցին, թե ժողովրդի շրջանում ինչպիսի՞ տրամադրվածություն է, նա նշեց, որ իր նպատակը «այո»-ները հաշվելը չէ, ինքը հավատաքննիչ չէ, որ մարդուց պահանջի ասել` «այո» է ասելու, թե` «ոչ»:

Վարդանյանը նշեց նաև, որ երբեմն կարծիքներ է լսում, թե քարոզարշավի ընթացքում պասիվություն է նկատվում, սակայն, ըստ նրա, աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի` ինչ գործունեություն է ծավալում ՀՅԴ-ն:

Նա տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ և կիրակի ունեցել են 11 հանդիպում հանրապետության չորս մարզերում`Կոտայք, Արմավիր, Արագածոտն, Արարատ: «Մոտավոր հաշվարկով` այդ 11 հանդիպումներին մասնակցել է 2000 մարդ: Մենք ներկայացնում ենք մեր հիմնավորումները, փաստարկները, և մարդիկ հրաշալի հասկանում են ամեն ինչ, բազմաթիվ հարցեր են տալիս, և մենք էլ այդ հարցերին պարզաբանումներ ենք տալիս»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Նա նշեց նաև, որ չի կարող ասել, թե որևէ «ոչ»-ի չի հանդիպել, բայց ընդհանուր տրամադրվածությունը վկայում է, որ մարդիկ ավելի շատ կողմ են սահմանադրական բարեփոխումներին: «Ակնհայտ է, որ մարդիկ հասկանում են, ընկալում են, թե խոսքն ինչի մասին է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա հայտնեց, որ այսօր ևս հանդիպում է ունենալու Կոտայքի մարզում, ապա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին կլինեն Սյունիքի մարզում` երեք հանդիպում ունենալու նպատակով. կլինեն Կապանում, Գորիսում, Սյունիքում: Իսկ հաջորդ շաբաթ Վայոց ձորի մարզ են մեկնելու և չորս հանդիպում ունենալու: