Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրված` «Սահմանադրական փոփոխություններ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, վերահաստատեց ՀՅԴ խմբակցության` տարիներ շարունակ բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ ներկա կառավարման համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը: Ըստ նրա` մենք անունով այսօր ունենք կիսանախագահական համակարգ, իրականում ունենք սուպերնախագահական համակարգ, որտեղ չափազանց կենտրոնացված է իշխանությունը, որտեղ քաղաքական մեծամասնությունը և նախագահը նույն կուսակցության ներկայացուցիչներ են: Ինչ վերաբերում է մյուս տարբերակին, երբ նախագահը մեծամասնությունից չէ, ապա դրա սցենարներն ամբողջ աշխարհում հայտնի են, և դա ոչ մի լավ տեղ չի տանում:
«Պատկերացրեք այսօր հանրապետության նախագահը լիներ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկ շաբաթ հետո երկիրը գնալու էր բոլորովին այլ տեղ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Ի պատասխան փաստարկին, թե այս իշխանությունները շատ վատն են, վստահություն չունեն, իրավունք չունեն բարեփոխումներ անելու, Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ այս կիսանախագահական համակարգը առավելագույնս հարմարեցված է իշխանության վերարտադրման համար, դրա օրինակները բազմաթիվ են:
Ըստ պատգամավորի` վերջին խորհրդարանական ընտրություններում համամասնական ձայների 75-ից ավելի տոկոսը տարել են երկու քաղաքական ուժեր, որոնք օգտագործել են վարչական ռեսուրսը և ֆինանսական միջոցները, ուրեմն` ո՞վ է տալու այդ երաշխիքը, որ այս ընտրությունների պարագայում, այս համակարգի պարագայում իշխանությունները չեն վերարտադրվելու:
«Եթե դու համարում ես, որ այս իշխանություններն այնքան վատն են, որ նրանց որևէ բան պետք չէ թույլ տալ, ուրեմն հայտարարում ես` թշնամի ու վերաբերվում ես թշնամու պես, այսինքն` ոչնչացնում ես: Կա՞ նման մտադրություն, եկեք` բացահայտ խոսենք: Ո՞րն է նպատակը` 18 թվականի ընտրություննե՞րը, թե՞ այլ բան կա, բաց խոսենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորի համոզմամբ` իրենց առաջարկած սահմանադրական փոփոխությունների տարբերակը նվազեցնելու է իշխանության վերարտադրման հնարավորությունը, իշխանությունը ապակենտրոնացվելու է` գնալով ավելի թափանցիկ որոշումների կայացմանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները մերժող ուժերի ևս մեկ փաստարկին, այն է` թող հասարակությունը որոշի, թող ժողովուրդը որոշի, Աղվան Վարդանյանը հակադարձեց. «Հարգելի' գործընկերներ, քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունների ղեկավարները, և պետք չէ թաքնվել հասարակության կամ ժողովրդի անվան տակ: Կա'մ պետք է հասարակությանը հստակ ասել մեր նպատակների մասին, կա'մ պետք է ասել, որ մենք հերթական անգամ մանիպուլյացիայի ենք ենթարկելու հասարակությանը: Սահմանադրական բարեփոխումները հնարավոր է անել այնպես, որ երկիրը իսկապես շնչի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը հնարավորինս սերտ աշխատեն, ստեղծեն իրենց միասնական փաթեթը և դնեն իշխանությունների առաջ: Կանենք սա, ուրեմն կպարտադրենք իշխանություններին գնալ փոփոխությունների, չենք անի, իշխանությունը լավ էլ կվերատադրվի, և դա կլինի մեր աջակցությունը այս վատ իշխանություններին»: