կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-10 12:08
Մշակույթ

Լեպսը երևանյան հանդիսականին կներկայանա իր նոր՝ «Гангстер №1» ծրագրով

Լեպսը երևանյան հանդիսականին կներկայանա իր նոր՝ «Гангстер №1» ծրագրով

Նոյեմբերի 13-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում համերգով հանդես կգա Գրիգորի Լեպսը: Նա երևանյան հանդիսականին կներկայանա իր նոր՝ «Гангстер №1» ծրագրով:

Գրիգորի Լեպսը ռուսական էստրադայի սաստկությունն ու առնականությունն է: Հանդիսատեսը սիրում և գնահատում է նրան էներգիայով և կյանքով լի երգերի համար, որոնք լսում ես՝ շունչդ պահած, և երգչի հետ միասին վերապրում ամեն բառը: Իր համերգներին Գրիգորի Լեպսը ելույթ է ունենում միայն կենդանի ձայնով՝ «կտրելով» ձայնալարերը, միաժամանակ թույլ չտալով իրեն ոչ մի սխալ նոտա: Վեհասքանչ և խարիզմատիկ, անկրկնելի, փոքր-ինչ խզված արական վոկալ ունեցող երգիչը վաղուց արդեն դարձել է իգական սեռի ներկայացուցիչների սիրելին և վաստակել արական սեռի երկրպագուների հարգանքը: Դրա բացատրությունը շատ պարզ է՝ Գրիգորի Լեպսը բեմում միշտ բնական է և անկեղծ: Նա երգում է ուժերի գերլարումով, մեծ նվիրումով՝ ամբողջությամբ բացելով հոգին հանդիսատեսի առջև: Երգիչ Գրիգորի Լեպսը բաց նյարդ է՝ հուզականությամբ արձագանքելով իրադարձություններին, խորապես վերապրելով այն, ինչ երգում է:

Երևանում Գրիգորի Լեպսը ոչ միայն կներկայացնի իր նոր ալբոմը, այլև կկատարի իր հին և սիրված հիթերը. «Рюмка водки на столе», «Уходи красиво», «Я тебя не люблю», «Самый лучший день». այս երգերը մշտապես հնչում են Գրիգորի Լեպսի համերգներին:

Հանրության սերը Գրիգորի Լեպսին ուղեկցում են նրա ստեղծագործական ամբողջ ուղու ընթացքում: Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինեին ժամանակակից էստրադան և շանսոնը, եթե Գրիգորի Լեպսը ժամանակին չհամարձակվեր թողնել իր հարազատ Սոչի քաղաքի սերն ու հռչակը, որպեսզի հմայեր ու գերեր մայրաքաղաքը: Եվ դա նրան հաջողվեց: Անշուշտ, ամեն ինչ չէ, որ հեշտությամբ էր տրվում, սակայն Մոսկվայում ձայնագրված հենց առաջին ալբոմը ստիպեց խոսել նրա մասին՝ որպես նոր ծագող աստղի: Այդ ձայնասկավառակում ընդգրկված հուզիչ և մեղեդային «Նատալի» երգը այսօր էլ Լեպսի ստեղծագործության սիրահարների սիրելի կատարումներից է:

Կատարման զարմանալի հնարքները, վառ և տպավորիչ վոկալը արեցին անհնարինը. Գրիգորի Լեպսի երկրպագուների շարքերում են և՛ շանսոնի կողմնակիցները, և՛ իսկական էստրադային երգի գիտակները: Հենց այդ պատճառով էլ Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը ձեռք բերելը այդքան էլ դյուրին չէ: