կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 12:58
Հասարակություն

Նախարարը դեմ է Երիտասարդական պալատի փոխարեն շինության կառուցմանը

Նախարարը դեմ է Երիտասարդական պալատի փոխարեն շինության կառուցմանը

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դժգոհ է Երիտասարդական պալատի փոխարեն կառուցվելիք շինությունից: Այս մասին նա ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե գուցե Երիտասարդական պալատի վայրում շինարարություն չիրականացնելը ձեռնտու է իշխանություններին, քանի որ որոշ օլիգարխներ այնտեղ ավազի արդյունահանմամբ են զբաղվում, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Ցանկություն չունեմ կառուցապատողի ադվակատի դերում լինել: Ինչ-որ մի տեղ ես բավարարվածություն ունեմ զուտ այն պատճառով, որ չէի ուզենա, որ այն ճապոնական նախագիծը, որը մրցույթում հաղթել է, կառուցվեր: Դա ոչ միայն ինձ չի բավարարում, այլ նաև իմ գործընկերներին: Դա մի անհասկանալի, խոշոր, ահռելի կառույց է, բնակելի տուն, չգիտես՝ ինչու, բոլորովին օտար լեզվով՝ իր կոմպոզիցիայով և ճարտարապետական տեսքով»,- նշեց քաղաքաշինության նախարարը:

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է այդ նախագիծը հաղթել մրցույթում, նախարարը պատասխանեց, որ այդ իրավունքը պատկանում էր ժյուրիին: «Հիմա պատվիրատուն չի էլ պատրաստվում դա անել, չի էլ պատվիրել, հավանաբար՝ շահութաբեր չէր»,- ասաց Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ առաջիկայում ԱԺ է ներկայացվելու Երևանի կենտրոնի մասին օրենքի նախագիծ, որով խիստ պատժամիջոցներ են նախատեսված այդ կարգի, այսինքն՝ չավարտված շինությունների համար: