Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Աժ հանձնաժողովներում քննարկվում էր կառավարության ներկայացրած՝ 2016թ. բյուջեի նախագիծը: Երևանի քաղաքապետարանին հատկացումների մասին զեկուցեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուներ նրան հասարակական տրանսպորտի սուր խնդիրների վերաբերյալ: Նա նշեց, որ հաճախակի է օգտվում թե\' մետրոյից, թե\' վերգետնյա հասարակական տրանսպորտից, և կարող է ասել, որ վերգետնյա տրանսպորտը ոչ թե քաղաքային տրանսպորտ է հիշեցնում, այլ «Ֆորմուլա-1»-ի ավտոմրցավազք: «Իմ տպավորությամբ՝ հասարակական տրանսպորտի վարորդները հաշվի չեն առնում, որ ուղևորներ են տեղափոխում, և գոնկայի մեջ են մտնում իրար հետ: Այսօր մենք ողբերգական լուր լսեցինք, որ Հայաստանի քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Կարծում եմ, որ քաղաքապետարանը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում, որ վարորդները պատշաճ կատարեն իրենց պարտականությունները, նորմալ սպասարկեն՝ անընդմեջ հեռախոսով են խոսում և այլն: Ի վերջո, ե՞րբ ենք մենք հասնելու նորմալ վիճակի, ոչ թե ՀՀ քաղաքացիներին՝ դեռատի աղջիկների, կանանց ու տղամարդկանց ստիպենք կռացած երթևեկել «ԳԱԶ»-ել կոչվող երթուղայիններում: Ամեն օր սարսափելի է տեսնել այդ տեսարանը, երբ կռացած քաղաքացիները երթևեկում են՝ քաղաքական վիճակը տեսանելի ցուցադրելով»,- ասաց պատգամավորը:
Կամո Արեյանը պատասխանեց, որ վարորդների գործունեությունը համատեղ հսկում են ճանապարհային ոստիկանությունը և քաղաքապետարանը: «Մենք ամեն ինչ անում ենք, որ երթուղիները լինեն կանոնակարգված: Իհարկե, լինում են նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, բայց դա նույնպես վերահսկվում է: Քաղաքապետարանն ամեն ինչ արել է՝ կանգառները կարգավորելու, գծանշումներով ապահովելու համար, որ հնարավոր լինի առանց իրար խանգարելու կայանել տրանսպորտային միջոցները: Այս խնդրի լուծման միակ ճանապարհը մեծ և միջին տարողությամբ ավտոբուսների ներդրումն է, որովհետև այսօր ուղևորափոխադրումների գերակշիռ մասը իրականացնում են միկրոավտոբուսները: Մենք քննարկում, բանակցում ենք, որ գտնենք ներդրումային ծրագրեր: Մասնավոր սեկտորն էլ պետք է մասնակից դառնա, որ համալրվեն մեծ և միջին տարողության ավտոբուսներով: Այլ ճանապարհ չկա»,- ասաց փոխքաղաքապետը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ վարորդները ցածր աշխատավարձ են ստանում, վերապատրաստում չեն անցնում: «Ե՞րբ եք վերջին անգամ տրոլեյբուսներից օգտվել, դրանցից գարշահոտ է գալիս: Ոստիկանությունն ի՞նչ կապ ունի, դա ձեր գործառույթն է: Վարորդները՝ չսափրված, հոգնած... Ամեն անգամ ողբերգությո՞ւն պետք է լինի, որ ասենք՝ վայ, ինչու՞ ժամանակին դրա մասին չենք խոսել: Ինչ վերաբերում է մեծ և միջին տարողության ավտոբուսների ներդրմանը, յա, իրո՞ք, բա լուծեք, ինչո՞ւ չեք լուծում, ո՞վ պետք է լուծի»,- հարցրեց Փաշինյանը:
Կամո Արեյանը պատասխանեց. «Ավտոբուսների խնդիրը լուծողը մենք ենք, մենք էլ կլուծենք»: