կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-18 16:22
Քաղաքական

ԼՂՀ ԱԺ փոխնախագահը երթևեկում է հասարակական տրանսպորտով

ԼՂՀ ԱԺ փոխնախագահը երթևեկում է հասարակական տրանսպորտով

Երևան-Ստեփանակերտ երթուղու սպասարկումն առանձնապես չի տարբերվում Երևանի քաղաքային տրանսպորտի սպասարկումից.խնդիրները նույնն են՝ երթուղայինների սանիտարահիգիենիկ վատ պայմաններ, հնամաշ նստատեղեր, վարորդների քմահաճ վերաբերմունք, վատ օդափոխություն և այլն: Նման երթուղայիններից մեկում yerkir.am-ի թղթակիցը նկատել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանին... Այո', այո', դուք ճիշտ կարդացիք`ԼՂՀ ԱԺ փոխնախագահին:

 

Երեւան-Ստեփանակերտ ճանապարհի ընթացքում ԼՂՀ ԱԺ փոխնախագահն անկաշկանդ զրուցում էր հեռախոսով, անմիջականորեն շփվում ուղևորների հետ հենց արցախյան բարբառով, հանգստացնում լաց լինող փոքրիկ ուղևորին, իսկ անհամբեր կանանց տեղեկացնում, թե որքան ժամանակից կհասնեն Ստեփանակերտ:

 

yerkir.am-ի թղթակիցը, չկարողանալով թաքցնել իր զարմանքը, հարցրել է, թե այդ ինչպես է, որ ԱԺ փոխնախագահը շրջում է տրանսպորտով և առանց թիկնապահների: Մինչ նա կհասցներ պատասխանել, կին ուղևորներից մեկն ասել է. «Բայց մեր պաշտոնյաների մեծ մասը առանց թիկնապահների է շրջում: Անձամբ ես տեսել եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին դրսում զբոսնելիս, նա առանց թիկնապահների էր շրջում»:

 

Իսկ Արթուր Թովմասյանը նշեց, որ զարմանալու ոչինչ չկա, և որ ինքը սկզբունքայնորեն շաբաթվա մեկ օրը շրջում է տաքսիով, մեկ օրը՝ ավտոբուսով, մեկ օրը քայլելով է ԱԺ-ից հասնում տուն, դե իսկ մնացած օրերին, անհրաժեշտության դեպքում, օգտվում է նաև ծառայողական մեքենայից:

 

Ինչ վերաբերում է թիկնապահներին, ԼՂՀ ԱԺ փոխնախագահը հայտնեց հետևյալ կարծիքը. «Թիկնապահները չէ, որ կարող են փրկել մարդու կյանքը: ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հո թիկնապահներով էր շրջում, տեսա՞ք` ինչ եղավ: Ընդամենը պետք է ճիշտ ապրել» (2000թ մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ էր կազմակերպվել):

 

Արդեն վերջում՝ երթուղայինից իջնելիս, ԼՂՀ ԱԺ փոխնախագահը հարգալից տոնով հաջողություն ասաց բոլոր ուղևորներին ու գնաց: Այս փոքրիկ, բայց շատ ուշագրավ դրվագը եւս մեկ անգամ ստիպեց մտածել, թե որքան տարբեր են ՀՀ եւ ԼՂՀ չինովնիկները, ու եւս մեկ անգամ ստիպեց փորփրել հիշողությունը` հասկանալու համար, թե հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներից ով և երբ է վերջին անգամ երթևեկել հասարակական տրանսպորտով:

 

Հիշեցինք. այդ դեպքերը եղել են միայն նոր ձեռք բերված երթուղայիններում` հեռուստաընկերությունների համար կադրեր ապահովելու նպատակով...