կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-25 17:25
Առանց Կատեգորիա

«Մարդիկ իրենց կյանքի անհաջողությունը փնտրում են ուրիշի հաջողության մեջ». ՀՊԵՆ-ը 10 տարեկան է

«Մարդիկ իրենց կյանքի անհաջողությունը փնտրում են ուրիշի հաջողության մեջ». ՀՊԵՆ-ը 10 տարեկան է

10 տարի առաջ, երբ Սերգեյ Սմբատյանն ընդամենը 18 տարեկան էր, հիմնադրեց Հայաստանի երիտասարդական նվագախումբը, որը երեք տարի անց ստացավ «պետական կարգավիճակ»: Նա խոստովանում է` 10 տարի առաջ չէր մտածում, որ 10 տարի հետո արդեն իսկ կայացած նվագախմբի հաջողությունների մասին է խոսելու:

Yerkir.am-ի զրուցակիցն է նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: 

 

Փոխեցինք մտածելակերպը, որ դասական երաժիշտը պետք է միշտ դժգոհ լինի

Ուղիղ 10 տարի առաջ մենք չգիտեինք, որ հունվարի 25-ին տեղի կունենա համերգ` մեր 10-ամյակին նվիրված, ես չէի պատկերացնում, որ այսքան երկար է լինելու մեր ճանապարհը: Նվագախմբի հիմնադրումից 10 տարի հետո մենք ունենք անհավանական մեծ քանակի համերգներ, նախագծեր, համագործակցություն երաժիշտների հետ, որ հիմա դժվար է ինչ-որ բան թերագնահատել: Այն ժամանակ միտումն այն էր, որ երիտասարդները հասկանան`  կարող են ինչ-որ բան փոխել: Ինձ թվում է` ստացվեց ինչ-որ չափով, անգամ` ինչ-որ չափով ստացվեց ավելի շատ, քան պետք էր, որովհետև 2015-ին մենք 66 համերգ ենք ունեցել: Կարծում եմ` ինչ-որ բան ՀՀ-ում փոխել ենք, ինչ-որ բան դեռ չենք արել, բայց, ամենակարևորը, կարողացանք ցույց տալ, որ դասական երաժիշտը կարող է լինել հաջողակ: Հայաստանում սովետից մնացած մտածողություն կար, որ դասական երաժիշտը պետք է միշտ դժգոհ լինի և բողոքի:

 

Չէի պատկերացնում, որ 10 տարի հետո խոսելու եմ նվագախմբի մասին

Եթե նայենք` այս տարիներին ինչ է պետությունը մեզ տվել և ինչ է ստացել, ավելի շատ գերիշխում է` ինչ ենք մենք տվել: Կոլեկտիվը, երբ ստեղծվում էր, երեք տարի նույնիսկ միտում չկար խոսել ֆինանսից, իսկ հիմա չեմ կարծում, որ կարող է` կոլեկտիվ ստեղծվի և երեք տարի առանց ֆինանսների աշխատի անհավանական շատ: Մենք, իրոք, շատ ենք աշխատում: Ես չէի պատկերացնում, որ ինչ այդ պահին ենք ստեղծում, 10 տարի հետո խոսելու եմ այդ մասին: Բայց 5 տարի անց կուզեի տեսնել նվագախմբին աշխարհի լավագույն նվագախմբերի ցանկում. մենք ունենք այն ունիկալ գաղափարային պաշարը և այն թիմը, որը կարող է դրան հասնել: Սա ամբիցիա չէ, ես վստահ եմ, որ մենք կհասնենք այդ հաջողությանը:

 

Նվագախմբի ձեռքբերումները

2015-ին մենք 66 համերգ ենք ունեցել և ոչ մի ծրագիր չենք կրկնել: Նվագախումբն ունի իր մշտական հանդիսատեսը, երկու փառատոն` Արամ Խաչատրյանի անվան և Ժամանակակից կոմպոզիտոների: Բացի այդ` հայ ազգի համար ամենասև, բայց կարևոր օրը` ապրիլի 24-ին,  համերգ արեցինք` ստեղծելով 24/04 նվագախումբը: Համերգին դրսից երկու դիրիժոր հանդես եկավ` Միխայիլ Յուրովսկին և Ջանլուկա Մարչիանոն, որոնք չվախեցան հարևան պետության կողմից քննադատություններից: Ցեղասպանությունը մեզ համար է ամենաէմոցիոնալ թեման, բայց աշխարհում այն քաղաքական աստառ ունի, իսկ Հայաստան ժամանած 123 երաժիշտները չվախեցան և մեզ հետ եղան: Նվագախումբը գտել է իր հանդիսատեսին: Եթե մարդն անում է այն, ինչ սիրում է, ուրեմն երջանիկ է: Մենք անում ենք այն, ինչ սիրում ենք, մենք ունենք այդ հնարավորությունը: 

 

Բոլորը պահանջում են, մարդիկ չեն ուզում հասնել հարգանքի, բայց պահանջում են, որ հարգեն իրենց

Մենք այն նվագախմբերից ենք, որտեղ չկան մեծ խնդիրներ, մեծ տարաձայնություններ: Ճիշտ է, հասարակության մեջ իմ անունը շատ է շահարկվում` ուրիշ կոլեկտիվների հետ կապված, բայց ես հումորով եմ նայում այդ ամենին: Նվագախմբում չկա կոնֆլիկտ, որովհետև մենք չենք համախմբվել մարդկային ամբիցիայի շուրջ, և հետո` ի՞նչ խնդիր կարող է լինել, երբ ծառայում ես երաժշտությանը: Մեր կոլեկտիվներից շատերում կան խնդիրներ, որոնք կապված են մարդկային պահանջի հետ: Մեզ մոտ, առհասարակ, ընդունված է` բոլորը պահանջում են: Մարդիկ չեն ուզում հասնել հարգանքի, բայց պահանջում են, որ հարգեն իրենց: Կոլեկտիվն ունի իր ուղղվածությունն ու տեսլականը, որոշ մարդիկ ասեկոսեներով փորձում են խանգարել մեզ, ինչը գալիս է նրանից, որ չեն պատկերացնում` այն, ինչի շուրջ մենք հավաքվել ենք, շատ լուրջ է: Մարդիկ իրենց կյանքի անհաջողությունը փնտրում են ուրիշի հաջողության մեջ:

 

Մարդիկ, քննադատելով ամեն ինչ, փոխարենը չեն ստեղծում ոչ մի բան

Ցավոք, մշակույթի ոլորտում կան մարդիկ, ովքեր այնքան էլ խելացի չեն: Տեսեք` եթե այսօր Հայաստանում կա երիտասարդական նվագախումբ, և մենք ունենք ամենաբարձր ցուցանիշները` հանդիսատեսին մեր դաշտում ինտեգրման, չեն հասկանում, որ դա օգուտ է նաև մեր մյուս կոլեկտիվներին, քանի որ ունկնդիրը, որը մեկ անգամ լսում է դասական երաժշտություն, սկսում է հետաքրքրվել և այլ նվագախմբերի համերգներին էլ գնալ: Եթե, քննադատելով նվագախմբին ու ինձ, ուզում են, որ մենք այլևս չլինենք, կարող եմ ասել` ուղղակի չեն հասկանում, որ հանդիսատեսը եթե գնա ու ավելի ցածրաճաշակ երաժշտություն լսի, երբեք էլ չի վերադառնա դասական երաժշտությանը: Մարդիկ, քննադատելով ամեն ինչ, փոխարենը չեն ստեղծում ոչ մի բան: Դասական երաժշտությունն արվեստի այն ոճն է, որը կարող է ներկայացնել Հայաստանն աշխարհում և շատ հարցեր լուծել հօգուտ Հայաստանի, ինչը մենք մեր ներքին խնդիրներով ուղղակի փչացնում ենք:

 

Ինձ երկար տարիներ այլ կոլեկտիվներ են «ուղարկում»

Ես ինձ այլ կոլեկտիվներում չեմ տեսնում, այդ հարցն ինձ վիրավորում է: Ինձ երկար տարիներ ինչ-որ տեղ են ուղարկում, իսկ թե ինչո՞ւ, չեմ հասկանում: Օրվա մեծ մասն աշխատելով` մենք ժամանակ չունենք նաև այդ լուրերը վերլուծելու, և ես նախանձում եմ նրանց, ովքեր ժամանակ են գտնում` ենթատեքստերի հիման վրա պաշտոնական կարծիք ձևավորել: Իմ անվան շուրջ պտտվող լուրերը սուտ են, իսկ սուտն ամենավատ բանն է կյանքում, ամենաառաջին մեղքը, որը հասարակության մեջ կարող է վատ արձագանքներ թողնել, ինչին էլ փորձում են հասնել:

 

Մենք չենք ստեղծում նոր հերոսներ, բայց եղածներին էլ չենք ընդունում

Մարդիկ, շահարկելով ազգային շահը, ուզում են սեփական ամբիցիաները կյանքի կոչել: Բացի այդ` մենք այսօր մշակութային դաշտում խնդիր ունենք`  Արտավազդ Փելեշյանին մի շարք երիտասարդ կինոքննադատներ չեն ճանաչում: Ունենք խնդիր, որովհետև այսօր չեն իմանում, որ Գեղամ Գրիգորյանն ամենահայտնի հայ արտիստն է աշխարհում: Ես շատ երկրներում եմ եղել և ամեն տեղ, երբ ասում եմ Հայաստան, մարդիկ գիտեն` Արամ Խաչատրյան և Գեղամ Գրիգորյան, իսկ այսօր մենք չենք հավատում այդ մարդուն: Մենք չենք ստեղծում նոր հերոսներ, բայց եղածներին էլ չենք ընդունում: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մշակույթի գործիչներին միայն մահից հետո ենք մեծարում: Սակայն պետք է նշեմ նաև, որ այսօր մշակութային քաղաքականություն կա, և հանրապետության նախագահն ինքն է հովանավորում դասական երաժշտության համերգները, ինչը շատ կարևոր է: Պետք չէ լինել արհեստականորեն ազգասեր ու ազգանվեր: Մենք ունենք արտիստներ, որոնք հաճախ հնչեցնում են, թե ունեն բազում հրավերներ, բայց չեն գնում երկրից: Եթե հայ արտիստը գնա, դրսում աշխատի ու ներկայացնի հայ արվեստը, շատ ավելի մեծ օգուտ կբերի Հայաստանին, քան եթե մնա Հայաստանում: Եթե նման մարդու հանդիպեք, խորհուրդ տվեք գնալ: Իրականում չկան այդ հրավերները, թե չէ` միանգամից կգնային: Մենք բանավորի մեծագույն չեմպիոն ենք, իսկ երբ բանը հասնում է գործին, շատերը հետ են կանգնում: Մենք պետք է ավելի հանդուրժողական լինենք իրար նկատմամբ ու հարգենք դիմացինին:

 

Մարդիկ չեն աշխատում և միայն բողոքում են

Կուզեի տարեվերջին տեսնել, որ մեր մշակութային դաշտը շատ համերաշխ է: Այսօր մի շարք կոլեկտիվներ չունեն կոնկրետ ստրատեգիա` ինչի՞ են ուզում հասնել: Ամեն ինչի մեղավորը շատերը մշակույթի նախարարությունն են համարում, բայց ես չեմ կարծում, որ մշակույթի նախարարությունն է, օրինակ, մեղավոր, որ մեր կոլեկտիվներից շատերի համերգներն անցկացվում են կիսադատարկ դահլիճներում: Մենք չենք ուզում հասկանալ` մենք ինքներս պետք է ինչ-որ բան փոխենք, կոլեկտիվների ղեկավարները չեն հասկանում, որ պետք է իրենց մի քիչ նեղություն տան և ստեղծեն նոր ձևաչափ, նոր ծրագիր ներկայացնեն, որը մարդկանց ավելի շատ կհետաքրքրի: Ասում են` մարդիկ չեն ուզում լսել Կոմիտաս, այդպես չէ, մարդիկ ուզում են: Ստացվում է` չկա աշխատանք, մարդիկ չեն աշխատում, բայց կա վատ գնահատական: ՀՀ-ն այն քիչ պետություններից է, որի կոլեկտիվների գերակշիռ տոկոսը պետական է, իսկ, օրինակ, Լոնդոնում կա խնդիր` այնտեղ գրեթե չկան պետական կոլեկտիվներ: Մենք դա չենք գնահատում, միայն պահանջում ենք: 

 

Կարինե Հարությունյան