կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 17:12
Քաղաքական

Արդյո՞ք մտածում, ապրում, գործում ենք ինչպես Արամ Մանուկյանը․ բացվեց մեծանուն գործչի կիսանդրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դժվար է թերագնահատել այն դերը, որ ունեցել է Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման գործում։ Եթե չլիներ Արամ Մանուկյանը, չլինեին նրա ժամանակակից նվիրյալ գործիչները՝ չէինք ունենա Առաջին հանրապետությունը, Խորհրդային Հայաստանը, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը՝ այսօր՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում՝ Արամ Մանուկյանի հուշակոթող-կիսանդրու բացմանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ կենտրոնում այսօր բացվեց մեծանուն քաղաքական գործչի բրոնզաձույլ կիսանդրին, այն հեղինակել է կանադահայ քանդակագործ Հակոբ Ջամբազյանը։

Արսեն Համբարձումյանը, արժեւորելով Արամ Մանուկյանի կերպարն ու գործունեությունը, ասաց․ «Նա իր ողջ կյանքի ընթացքում, անկախ նրանից, թե որտեղ է գործել եւ ինչ հանգամանքներում, մշտապես հանդես է եկել որպես լավ կազմակերպիչ՝ լինի Բաքվում, Կարսում, Վանում, թե՝ Երեւանում։ Նա իր որակական հատկանիշներով կարողացել է փայլուն արդյունքներ արձանագրել իր ողջ գործունեության ընթացքում»։

Համբարձումյանի խոսքով՝ Արամ Մանուկյանն ամենաքիչ գնահատված գործիչներից է՝ մինչեւ վերջին տարիները։ «Միայն վերջին տարիներին է, որ, տարբեր առիթներ օգտագործելով, կարողացել ենք Արամ Մանուկյան գործչի մասին բարձրաձայնել։ Վստահաբար, թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը Արամ Մանուկյանի պես գործիչների անհրաժեշտություն ենք ունենալու՝ որպես կազմակերպողի, իբրեւ առաքինի մարդու, իբրեւ միասնություն ապահովող, անմնացորդ նվիրվողի։ Հենց այս որակների շնորհիվ էր, որ Արամ Մանուկյանը բոլորի համար դարձել էր ընդունելի, հարազատ, հեղինակություն»,- ասաց նա, ապա, վերհիշելով Նիկոլ Աղբալյանի խոսքերը, շեշտեց՝ արդյո՞ք մենք մտածում, գործում եւ ապրում ենք ինչպես Արամ Մանուկյանը։

«Այս հարցը, կարծում եմ, յուրաքանչյուր հայ իրեն միշտ պիտի տա, եւ եթե յուրաքանչյուրը փորձի մի փոքր նմանվել Արամ Մանուկյանին՝ աշխարհը «շուռ տալու» հնարավորություն կունենանք, այնպես, ինչպես ժամանակին դա արեց Արամը, երբ որեւէ մեկը չէր հավատում, հուսալքություն էր, հույսը չէր երեւում, բայց Արամը եւ նրա նման գործիչները բերեցին այդ հույսը՝ մեր անկախությունը»,- ընդգծեց Համբարձումյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում

Լիանա Սարգսյան