Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը չի հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդունակ է ֆուտբոլային խաղ վաճառել: Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղից հետո առաջացած սկանդալին` նախարարը նշեց. «Չեմ կարծում, որ նման քայլի կգնար, ինչի՞ պիտի գնար»:
Լրագրողների հարցին, թե չի՞ պատրաստվում հետաքննություն իրականացնել, Ղազարյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, ինչ որ պետք է` արվում է:
Ի դեպ, անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տիրող վիճակին` նա նշեց, թե տեղյակ չէ` ինչ է կատարվում այնտեղ: Երբ նրա այս խոստովանությունից հետո լրագրողներն իրենց զարմանքը հայտնեցին, նախարարը շտապեց սրբագրել սեփական խոսքերը` ասելով. «Ես տեղյակ եմ, թե յուրաքանչյուր ֆեդերացիայում ինչ է կատարվում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցում է բոլոր ֆեդերացիաների հետ, որոնք հասարակական կազմակերպություն են: Յուրաքանչյուր հարցի հետ աշխատում ենք միասին, աջակցում ենք»:
Հիշեցնենք, որ Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղից հետո որոշ միջազգային լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստների գումարներ են տրվել` ֆուտբոլային այդ խաղում պարտվելու համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առնչությամբ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: