կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-21 10:55
Հասարակություն

Սայաթ Շիրինյանը ՏԿԱԻՆ-ից ազատվելու դիմում է գրել

Սայաթ Շիրինյանը ՏԿԱԻՆ-ից ազատվելու դիմում է գրել

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության նախկին վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը, ով 2014-ի հոկտեմբերից զբաղեցնում էր ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի տեղակալի պաշտոնը, աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այս կապակցությամբ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես հեռանում եմ համակարգից, հեռանում եմ պատվով և արժանապատվորեն:

Շնորհակալություն լուսանկարչին, որ անմահացրեց այն պահը, երբ համակարգից հեռանալու զեկուցագիր եմ գրում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին:

Ինչպես Ոստիկանությունում, այնպես էլ այստեղ մեծ պատասխանատվությամբ, պատվով ու արժանապատվորեն կրեցի սպայական համազգեստը, անդավաճան մնացի սպայի բարձր կոչմանը: Մոտ մեկ տարի աշխատեցի ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում՝ առաջին պրոռեկտորի պաշտոնում: Կարողություններիս չափով արեցի ամեն հնարավորը, որ արատակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստող՝ տարածաշրջանում միակ այս բարձրագույն ուսումնական հաստատությունը լինի հզոր, իսկապես ակադեմիական: Այդ նպատակով վերաշինեցինք թե՛ ակադեմիան, և թե՛ նրա «Լուսակերտ» ուսումնավարժական բազան: Ամեն ինչ արեցինք ակադեմիայի վարկանիշը բարձրացնելու համար, և դա մեզ հաջողվեց: Ակադեմիայի գործունեության մեջ առաջին անգամ ընդունելության քննություններն անցան մրցութային կարգով, և դա այն դեպքում, երբ հանրապետության մյուս բուհերում թափուր տեղեր շատ մնացին: Ակադեմիայի դիմորդների հոսքի աննախադեպ արդյունքը համարում եմ իմ աշխատանքային գործունեության ամենահաջողված իրողությունը:

Մեծ հաջողություն էր նաև ակադեմիայի հրատարակությամբ նախարարության պաշտոնաթերթ «911.Արտակարգ թերթի» նոր ոճով և նոր ձևավորմամբ լույս ընծայումը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր թիմով աշխատեցին ինձ հետ՝ հանուն պետության, հանուն մատաղ սերնդի ակադեմիական դաստիարակության և թողեցին անուն, հարգանք ու պատիվ:

Փրկարարի առաքելությունը ծանր ու պատվաբեր գործ է: Հպարտ եմ, որ, թեև կարճ ժամանակով, ես փրկարարական մեծ ընտանիքի անդամն էի: Ինձ համար պատիվ էր ազնվագույն և յուրահատուկ հոգու տեր մարդկանց հետ աշխատելը:

Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից, շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետև գործել եմ միայն պատվի և արժանապատվության բարձր մղումներով: 

Շնորհակալ եմ նախարար Արմեն Երիցյանից իմ հանդեպ ունեցած վստահության համար: Ցանկությունս է, որ նրա ստեղծած հզոր ու մրցունակ նախարարության նման Ակադեմիան էլ դարձնի նույնքան հզոր, նույնքան մեծակարող, ինչպես «Արտակարգ քաղաք» համարվող նախարարությունը:

Իմ կյանքում սկսվում է նոր սկիզբ, նոր իրողություններով ու սպասելիքներով…

Բարին ընդ բոլորին…

Հարգանքներով՝ գնդապետ Սայաթ Շիրինյան»: