կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 14:14
Հասարակություն

Խաղողի բերքի որոշակի քանակի ճակատագիրը դեռ մշուշոտ է

Խաղողի բերքի որոշակի քանակի ճակատագիրը  դեռ մշուշոտ  է

Խաղողի մթերման խնդիրների վերաբերյալ քննարկումները թեժանում են. այս տարի խաղող մթերողները բախվում են այն խնդրին, որ բերքի քանակն ավելի շատ է:

«Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ոլորտում առկա հիմնական խնդիրները: «Առաջին խնդիրը խաղողի մթերման հետ է կապված: Խաղողագործն այսօր ունի խաղող, բայց չի կարողանում այն ամբողջությամբ մթերել: Այդ իսկ պատճառով առաջացել են պրոբլեմներ: Պայմանագրային պարտավորություններով նախատեսված` խաղողը գնվում է, բայց պայմանագրից դուրս հավելյալ քանակությունները պրոբլեմ են առաջացնում: Կառավարությունը ձեռնարկում է հնարավոր միջոցներ` խաղողը մթերելու համար, բայց, այս պահի դրությամբ, հանրապետությունում կան գյուղական համայնքներ, որտեղ դեռ խաղողի բերք ունենք, որի հետագայի հետ կապված հարցերը դեռ մշուշոտ են: Մեծագույն խնդիր է այն, որ մարդը չգիտի իր խաղողի հետագա ճակատագիրը»,- ընդգծեց նա:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ` դեռևս տարեսկզբին հայտնի էր, որ պատրաստի ապրանքի իրացման հարցում դժվարություններ են լինելու: «8 ամսվա տվյալներ ամփոփեցինք, և պարզ դարձավ, որ գինու արտահանման ծավալները կրճատվել են 42 տոկոսով, իսկ կոնյակինը` շուրջ 50 տոկոսով: Արդեն մայիս ամսին, երբ մեր մասնագետները դիտարկումներ էին կատարում խաղողագործական տարածաշրջաններում, հաստատվեց, որ այս տարի բավական շատ բերք  է սպասվում, և, այսօրվա տվյալներով, բերքի այս տարվա ծավալը շուրջ 30 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` գյուղատնտեսության նախարարի երկու տեղակալներ ամրակցվել են Արարատի և Արմավիրի մարզերին, որպեսզի այդ տարածքներում մթերման հետ կապված լարվածությունը մեղմանա:

«Գյուղատնտեսության նախարարությունը խաղողագործներին հորդորել է ավելորդ շտապողականություն չդրսևորել: Անցյալ տարիներին խաղողի մթերումները շարունակվել են մինչև հոկտեմբերի վերջը: Դեռ ժամանակ կա: Վերամշակող գործարանների հետ կան պայմանավորվածություններ»,- ասաց Պետրոսյանը:

Հարցին, թե ի՞նչ գնով է մթերվում խաղողը, քանի որ կա տեղեկություն, թե մինչև 30 դրամի է հասնում, փոխնախարարը պատասխանեց. «Գնի հետ կապված` գյուղատնտեսության նախարարությունը որևէ բան անել չի կարող: Գյուղացիների կողմից առաջարկություն էր եղել 150 դրամի շրջանակում: Նվազագույն գինը եղել է 90 դրամը»: