Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Տիգրան Չանդոյան
Քաղաքագետ, քրդագետ
Մինչ հայկական քաղաքական դաշտը զբաղված է տարատեսակ մեծ ու փոքր, կարևոր և անկարևոր հարցերով, տարածաշրջանում չեն դադարում նշանակալից զարգացումները, որոնք էապես փոխելու են տարածաշրջանային քաղաքական պատկերը։
Թաներ Աքչամի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ Թուրքիայի ամենաազգայնամոլ «Ազգային շարժում» կուսակցության («Գորշ գայլեր») առաջնորդ Դեվլեթ Բահչելին հրավեր է ուղարկել «Քրդական բանվորական» կուսակցության (ՊԿԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին՝ գալու ԹԱՄԺ (Թուրքիայի խորհրդարան) և հայտարարելու ՊԿԿ-ի լուծարման մասին՝ դրա փոխարեն Օջալանին առաջարկելով ազատություն ձեռք բերելու «հույսի իրավունք»։ Թեև, ի պատասխան այդ առաջարկի, Օջալանը հայտնել է, որ մինչև քրդական հարցի լուծումն իր համար ամենապահով վայրը Իմրալըն է (այն կղզին, որտեղ բանտարկված է Օջալանը), քննարկումներն ու կրքերն այս հարցերի շուրջ չեն դադարում։
13 նախագահ և 42 վարչապետ տեսած քրդական հարցը Թուրքիայի Հանրապետության մեծագույն խնդիրն է դրա հիմնադրման օրվանից ի վեր, և այս երկրի մեկդարյա պատմությունը ցույց է տալիս, որ քրդական հարցի լուծումը դեռևս շարունակում է անիրատեսական մնալ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ թուրքական և քրդական կողմերի միջև ՊԿԿ-ի կազմալուծման և քրդական զինված պայքարի դադարեցման վերաբերյալ քննարկվում են հետևյալ կետերը․
1․ Աբդուլլահ Օջալանը պետք է ազատ արձակվի (հավանաբար 2025 թ. մարտին՝ Նովրուզին),
2․ Օջալանը հայտարարելու է, որ «զինված պայքարն ավարտված է, և ՊԿԿ-ն լուծարվում է»,
3. Օջալանը ամենայն հավանականությամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելքի տակ է լինելու և բնակություն է հաստատելու Էրբիլում։ ՊԿԿ-ի 88 բարձրաստիճան առաջնորդներին թույլ չի տրվելու մուտք գործել Թուրքիա. նրանցից 34-ը Օջալանի հետ կմնան Էրբիլում, մյուսները կարող են ապաստան խնդրել Նորվեգիայից կամ Հունաստանից: (Ակնհայտ է, որ Օջալանի և 34 գործիչների՝ Էրբիլում մնալու նպատակը թուրքական հատուկ ծառայությունների հսկողության տակ լինելն է, ուստի Օջալանի ազատ արձակումը կրում է զուտ ձևական բնույթ)։ Մնացած անդամները կարող են օգտվել համաներման օրենքից և վերադառնալ Թուրքիա։
4․ Բանտում գտնվող քուրդ զինյալների և ՊԿԿ-ի այլ գործիչների պատիժները կկրճատվեն, իսկ պատիժն ավարտածներն ազատ կարձակվեն,
5․ Համայնքապետարաններում կօգտագործվի և քրդերենը, և թուրքերենը՝ որպես պաշտոնական լեզու,
6․ Ընդունվում է ուժեղացված տեղական կառավարման սկզբունքը,
7․ Քրդերեն դասավանդվելու է մինչև 8-րդ դասարան (պարզ չէ՝ ընտրովի դասընթաց է լինելու, թե ուսուցման լեզու),
8․ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Դեմիրթաշը բանտում մնալու է առնվազն 22 տարի,
9․ Ռոժավայի (Սիրիական Քրդստան) մասով. ՊԿԿ-ն խնդրել է, որ Ռոժավան պաշտոնապես ճանաչվի Թուրքիայի կողմից: Թուրքիան իր հերթին առաջ է քաշել Մազլում Քոբանիին (Ռոժավայի փաստացի առաջնորդը)՝ պաշտոնից հեռացնելու հարցը։ Առաջարկվել է նոր առաջնորդի թեկնածություն, սակայն նա անունը չի բացահայտվել։ Ռոժավայի քրդերը կա՛մ միանալու են Թուրքիային հսկողության ներքո գտնվող «Սիրիայի ազատ բանակին» և, հետևաբար, անցնելու են Թուրքիայի վերահսկողության տակ, կամ, եթե չընդունեն դա, Թուրքիան հանդես է գալու որպես երաշխավոր, և նրանք միանալու են Սիրիայի բանակին։ (Այս քայլերի բուն նպատակը Ռոժավան ԱՄՆ-ի վերահսկողությունից ազատելն է, որի հետևանքով քրդերը դադարելու են գործիք լինելուց արևմուտքի ձեռքին՝ ընդդեմ թե Թուրքայի, թե Սիրիայի)։
Սրանք այս պահին «հայտնի» կետերն են, որոշ հարցեր, բնականաբար, դեռևս հայտնի չեն հանրության լայն շրջանակներին։
Այս ամենի համատեքստում Թուրքիայի մեդիա տիրույթում օրերս ակտիվորեն շրջանառվում են թուրք-քրդական եղբայրության և ընդհանուր թշնամու (բնականաբար թշնամին հայերն են, որովհետև հույները աշխարհագրորեն քրդերի թշնամի լինել չեն կարող) գոյության ու վերջինիս դեմ միասնաբար պայքար մղելու վերաբերյալ քարոզչական նյութեր։ Մասնավորապես քուրդ պանթյուրքիստ Զիա Գյոքալփին նվիրված մի համաժողովի ընթացքում ԱՇԿ-ի նախագահ Դեվլեթ Բահչելին իր ելույթում քանիցս մեջբերել է Գյոքալփի խոսքերը թուրք-քրդական միասնականության ու սիրո մասին։ Անկարայում օրերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն էլ մյուս կողմից նպաստեց այս քարոզարշավին՝ որպես թշնամի ավելացնելով ևս մեկին՝ ի դեմս ՊԿԿ-ի՝ որպես թուրք-քրդական եղբայրության խոչընդոտի։
1999 թվից Իմրալըում բանտարկված Աբդուլլահ Օջալանը, ով համարվում է քրդական ազատագրական պայքարի ժամանակակից շարժման հիմադիրը, վաղուց դադարել է այդ շարժման փաստացի ղեկավարը լինելուց։ Ներկայում նրա անձը առավելապես սիմվոլիկ նշանակություն ունի և պաշտամունքի առարկա է քրդերի լայն շրջանակների համար։ Այս տարիների ընթացքում քրդական շարժումն արդեն դրսևորել է կենսունակություն՝ նոր առաջնորդների տեսքով, ովքեր, չունենալով հանդերձ Օջալանի համբավն ու ազդեցիկությունը, այնուամենայնիվ կարողանում են իրենց ուսերին պահել ՊԿԿ-ի գործունեությունը։ Այս համատեքստում Օջալանի ազատ արձակումը թուրքական իշխանությունների համար այնքան խնդրահարույց չէ, որքան թվում է։
Ավելի շուտ սա կարող է ընդվզում առաջացնել բուն ՊԿԿ-ի մեջ. արդյո՞ք պետք է լուծարել ՊԿԿ-ն և դադարեցնել զինված պայքարը՝ այսքան զոհեր և կորուստներ տալուց հետո, հանուն սիմվոլիկ առաջնորդի ազատ արձակման, ով ըստ էության թուրքական իշխանությունների հսկողության տակ է գտնվելու Էրբիլում։ Բնականաբար Թուրքիայի կողմից ակնկալվող մյուս զիջումներն էլ ունեն մեծ նշանակություն, սակայն հավասարության նշան դնելը դրանց և մինչ այժմ մղված պայքարի միջև ամենևին հեշտ չէ․․․
Akunq.net