Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը վերապրած Խորեկ Ֆրանգյուլյանը պատմել է Վանիգավառի Վանի գավառակի Արճակ գյուղի կոտորածի մասին: Նրա երկու որդիներին թուրքերն են տարել, և ոչ մի լուր այևս չեն ստացել: Երբ հարձակվել են նրանց տան վրա, բոլորին տարել են Պետրոս աղայի բակը: Այնտեղ հարձակվել են Խորեկի հարսի վրա, վերցրել նրա մոտ եղած գումարը, այնպես են տանջել, որ չորս օր անց վախից մահացել է: Նույն բակի մեջ մահացել են նաև նրա երկու երեխան: Վանի ճանապարհին Խորեկ պապը շալակած տարել է թոռներին, սակայն մեկը մահացել է ճանապարհին, մյուսն էլ տեղ հասնելուց մի քանի օր անց: Խորեկ պապի 5-րդ թոռն էլ մահացել է Էջմիածին հասնելուց հետո:
«Արճակցի Խորեկ Ֆրանգիւլեան, 60 տարեկանից վեր, այժմ ապրում եմ Հայոց գիւղում (Բագուի մօտ) 10-րդ Նագորնայա, Գաղթականական գրասենեակի մօտերքը, ինձ օգնում է Գաղթականական մարմինը:
Արճակի մէջ ապրելուս միջոցին մեր ընտանիքը ունէր 11 անդամ, ես, իմ երկու տղաներս` իրենց կանանցով, 4 լաճ և մի աղջիկ ունէր մի տղաս, մի լաճ՝ միւս տղաս, այժմ մնացել ենք երեք հոգի` ես, իմ պստիկ հարս և իմ 10 տարեկան թոռս, բոլոր մնացածները կորան, կոտորուեցան, իմ մարդս էլ սպաննած են: Իմ երկու որդոց` Մոմսէսին և Ղևոնդին, տարան ասկեար և ոչ մի լուր չունեմ նրանցից:
Երբ եկան մեր տան վերայ, ինձ էլ տարան Պետրոս աղայի բակը: Բակում մեզ շատ կը նեղացնէին, յարձակուեցին հարսիս վերայ, անոր մօտի փողերը բոլորը վերցրին, յետոյ շատ տանջեցին, այնպէս, որ վախից չորս օր յետոյ նա մեռաւ, նոյն բակին մէջ մեռան այնտեղ վախից իմ երկու թոռներս:
Երբ մեզ Վան էին տանում, ես շալակել էի իմ թոռներին, մէկը մեռաւ ճանապարհին, չկարողացայ թաղել, մէկն էլ կիսամեռ հասցրի Վան, այնտեղ մեռաւ, մի թոռս էլ մեռաւ Էջմիածնում, երբ փախանք Էջմիածին: Այսպիսով, մի տղայիս յիշատակը բոլորովին անյայտացաւ, աղջկանս` Եղիսաբէթին, իր 10 տարեկան Ասքանազ տղայի և իր փոքրիկ ծծկեր տղայի հետ գերի են վերցրել, չգիտեմ սա՞ղ է, թէ՞ մեռած, փեսայիս էլ մեր գիւղին մէջ սպաննեցին»:
1916 թ., Բաքու
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 437, թթ. 28 շրջ.-29 շրջ., բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 79 – 80: