Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հայտնել է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան, 47-ամյա Ղազարյանը Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում գործող հանցավոր խմբավորման ղեկավարն է:
Խմբավորումը վնասազերծվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ձերբակալվել էին հանցավոր սինդիկատի ավելի քան 50 անդամներ, գերազանցապես` Հայաստանից եկած կամ Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող անձինք: Նրանց հազարավոր բժիշկների եւ հիվանդների անձնական տվյալների գողության մեղադրանք է ներկայացվել: Այդ տվյալները հանցագործները օգտագործել են Medicare համակարգից միլիոնավոր դոլարներ գողանալու նպատակով:
Մեղադրական եզրակացության մեջ «Միրզոյան-Թերջանյան կազմակերպություն» կոչվող խմբավորումը զբաղվում էր խարդախություններով, ավազակությամբ, անձնական տվյալների գողությամբ, կրեդիտային քարտերի զեղծարարությամբ, փողերի լվացումով, թմրանյութերի վաճառքով, շորթումներով, ծխախոտի անօրինական տարածմամբ, ինչպես նաեւ կեղծ վիագրայի վաճառքով:
Մեղադրող կողմի տվյալներով` «Միրզոյան-Թերջանյան կազմակերպությունը» ԱՄՆ 25 նահանգերում ստեղծել էր 118 շինծու կլինիկաներ եւ այդ ճանապարհով ստացել ավելի քան 35 մլն դոլար:
«Այսօր Արմեն Ղազարյանը, ճանաչելով իր մեղքը, դարձավ ԱՄՆ-ում ռեկետի համար դատապարտված առաջին «օրենքով գողը»,- նշել է դատախազը:- Բայց նա վերջինը չի լինի: Նրա մեղքի ճանաչումը պետք է ազդանշան լինի միջազգային գանգստերների համար. եթե դուք հանցագործություն գործեք այս երկրում, ապա մենք կգտնենք ձեզ եւ օրենքի ամենայն խստությամբ պատասխանատվության կենթարկենք»:
Սակայն, ըստ «Ամերիկայի ձայնի», Արմեն Ղազարյանին կհաջողվի խուսափել խիստ պատժից: Դատախազության եւ Ղազարյանի միջեւ ձեռք բերված համաձայնագրի պայմանների համաձայն` նրա դեմ հարուցված բոլոր այլ մեղադրանքները չեղյալ կճանաչվեն: Ղազարյանին սպառնում էր 20 տարվա ազատազրկում, սակայն, ըստ համաձայնագրի, որի պատճեն «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության տրամադրության տակ է, Ղազարյանին հնարավոր է ազատազրկեն միայն 30-37 ամսով եւ 6-60 հազար տուգանք գանձեն: «Օրենքով գողը» համաձայնել է նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված իր ունեցվածքի բռնագրավմանը, ներառյալ` տունը Գլենդելում, որը գնահատվում է 600 հազար դոլար:
Ղազարյանի ստորագրած համաձայնության մեջ ասվում է նաեւ, որ, չհանդիսանալով ԱՄՆ քաղաքացի, նա ընդունում է «իրեն երկրից վտարելու մեծ հավանականությունը»:
Վճիռը կկայացվի հոկտեմբների 6-ին` դատավոր Փոլ Գարդեֆի կողմից:
Արմեն Ղազարյանի շահերը ներկայացնում է կալիֆոռնիացի հայտնի փաստաբան Մարկ Գերագոսը, որն անցյալում մասնակցել է մի շարք աղմկահարույց դատավարությունների: Նրա հաճախորդներից են եղել հոլիվուդյան հայտնի դեմքեր, այդ թվում` Մայքլ Ջեքսոնը: