կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 14:08
Առանց Կատեգորիա

Լուռ սպառնալիք` Սահմանադրությունից

Լուռ սպառնալիք` Սահմանադրությունից

Սահմանադրական փոփոխությունները մերժող հիմնական փաստարկներից մեկն այն է, որ գործող Սահմանադրությունը սահմանադրական ճգնաժամի տեղիք չի տվել, հետևաբար` այն փոխելու օբյեկտիվ հիմքեր չկան: Նման ճգնաժամեր, բարեբախտաբար, իսկապես չեն եղել: Սակայն եթե անգամ ընդունենք, որ կառավարման կիսանախագահական համակարգը գործել է իդեալական մակարդակով, առնվազն առկա էր ընդհուպ ազգային անվտանգության համար սպառնալիք պարունակող մեկ գործոն, որի համար ոչ միայն արժեր, այլև անհրաժեշտ էր Սահմանադրությունը ենթարկել փոփոխության: Եվ չի բացառվում, որ հենց այդ գործոնն է եղել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալու որոշման հիմնական դրդապատճառներից մեկը:

Սահմանադրական կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունը զգալի դարձավ 2013թ. սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո, երբ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսում Սերժ Սարգսյանը բոլորի համար անակնկալ կերպով հայտարարեց, թե ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման նախաշեմին գտնվող Հայաստանը որոշել է անդամակցել նոր ստեղծված Մաքսային միությանը ու ակտիվորեն ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործընթացներում: Ակնհայտ էր, և միջազգային հանրությունը հենց այդպես էլ ընկալեց, որ Հայաստանի կողմից արտաքին քաղաքականության` նման շեշտակի փոփոխությունը կարող էր տեղի ունենալ բացառապես Երևանի նկատմամբ ՌԴ-ի գործադրած աննախադեպ ուժեղ քաղաքական, տնտեսական ճնշումների պատճառով: Այսինքն` Հայաստանը բախվեց մի իրողության, երբ, առանձին վերցրած, իշխանության մեկ օղակի` նախագահի նկատմամբ կիրառված ճնշումները կարող են հանգեցնել այնպիսի որոշումների, որոնք ոչ միայն շրջադարձային, այլև ճակատագրական նշանակություն կարող են ունենալ երկրի և ժողովրդի համար:

Որքան էլ թվա, թե սա զուտ քաղաքական որոշման հարց է, իրականում արմատները գտնվում են գործող Սահմանադրության մեջ: Խնդիրն այն է, որ գործող Սահմանադրության 55-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ նախագահն է իրականացնում արտաքին քաղաքականությունը: Նախագահն ունի միջազգային պայմանագրեր ստորագրելու իրավասություն, իսկ այդ պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական, ռազմական բնույթ կամ ֆինանսական պարտավորություններ են առաջացնում երկրի համար, ենթակա են ԱԺ-ի վավերացմանը: Տեսականորեն խորհրդարանն ունի պայմանագրերը չվավերացնելու հնարավորություն: Սակայն, Հայաստանի քաղաքական կոնյունկտուրայի առանձնահատկություններից ելնելով, դա գործնականում հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ նախագահն ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն, որը չի կարող իրեն թույլ տալ գործել երկրի և խորհրդարանում մեծամասնությունն ունեցող իշխող կուսակցության ղեկավարի կամքին հակառակ: ԵՏՄ-ին անդամակցությանը Երևանին մղելու հարցում Ռուսաստանը փաստացի հենվեց կոնյունկտուրայի հենց այդ խոցելի առանձնահատկության վրա, ըստ որի` բացարձակ իշխանությունը գտնվում է երկրի ղեկավարի ձեռքում, և եթե հաջողվի նրան համոզել, ապա խնդիրը կարելի է մեծ հաշվով լուծված համարել ողջ երկրի կտրվածքով:

Միակ ինստիտուտցիոնալ լուծումը, որով հնարավոր է կանխել հետագայում նմանատիպ իրավիճակների առաջացումը, նման հարցերում միանձնյա որոշումներ կայացնելու իրավասությունը նախագահից վերցնելն է: Թերևս հենց սա է եղել սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծում այն սկզբունքի ամրագրման պատճառը, ըստ որի` «վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաև ՀՀ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով»:

Եթե գործող Սահմանադրությունն ունենար այս կարգավորումը, գուցե հիմա բոլորովին այլ իրականություն լիներ: Համենայն դեպս, նման շրջադարձային որոշումների պատասխանատվությունը կկրեր նաև ժողովուրդը:

Միամտություն կլիներ կարծել, թե սա ամբողջությամբ վերացնում է բոլոր ռիսկերը: Ներկայիս խայտառակ ընտրական համակարգի պայմաններում հանրաքվեի ցանկալի արդյունք ամրագրելը ցանկացած իշխանության համար խնդիր չի ներկայացնում: Սակայն պետք է նկատի ունենալ մի էական հանգամանք` սահմանադրական փոփոխությունների նախագծով սահմանվում է հանրաքվեից հետո` մինչև հաջորդ համապետական ընտրությունները ընդունել նոր Ընտրական օրենսգիրք:

Քանի որ հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը ևս ընդլայնվում է, բնականաբար, փոփոխություններ են լինելու նաև «Հանրաքվեի մասին» օրենքում, ինչը հնարավորություն է էականորեն բարելավելու ընտրական համակարգը: Իսկ դրա երաշխիքն այն է, որ թե\' Ընտրական օրենսգիրքը և թե\' «Հանրաքվեի մասին» օրենքը համարվելու են սահմանադրական օրենքներ, այսինքն` ընդունվելու են պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայներով կամ ընդդիմության հետ կոնսենսուսի արդյունքում:

Ակնհայտ է, որ տարածքային ամբողջականության և միջազգային կազմակերպություններին անդամակցության հարցերը բացառապես հանրաքվեի միջոցով լուծելու մեխանիզմը նվազեցնում է արտաքին ճնշումների ազդեցությամբ նեղ խմբակային կամ միանձնյա որոշումների կայացման հնարավորությունը: Այդպիսի իրավիճակներում կարելի է հիմնավորել, որ ՀՀ Սահմանադրությամբ նման հարցերը որոշվում են միայն հանրաքվեով, և իշխանությունը չի կարող երաշխավորել դրա որևէ արդյունք:

Տարածաշրջանում, հատկապես` ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող պրոցեսների համատեքստում Հայաստանի դիմադրողականության տեսանկյունից նման ռիսկերի չեզոքացումն այլընտրանք չունի: Եթե իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ Մոսկվայում այդքան էլ ոգևորված չեն Հայաստանում սահմանադրական փոփոխությունների այս նախաձեռնությամբ, ապա կարելի է հասկանալ` ինչու: Գոնե այս մասով Սահմանադրական փոփոխությունների իրականացումը վիճարկման առարկա չպետք է լինի բանականության անգամ տարրական մակարդակ ունեցող որևէ մեկի համար:

Գևորգ Դարբինյան