| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու համար լսումներ է հրավիրել: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ լսումները հրավիրվել են Սահմանադրության նախագիծը ՀԿ-ների, անհատ քաղաքացիների հետ քննարկելու համար:
«Լսումների մասնակցելու հայտ են ներկայացրել 80 ՀԿ և 100-ից ավելի անհատ քաղաքացիներ»,- ասաց նա:
Որպես գլխավոր զեկուցող` հանդես եկավ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Նա նշեց, որ իրենք մշակել են մի նախագիծ, որը հնարավորություն կտա լուծելու առկա խնդիրները և կգործի ավելի երկար:
«Մենք իշխանակենտրոն սահմանադրությունից անցում ենք կատարում մարդակենտրոն սահմանադրության»,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ Սահմանադրության փոփոխության գլխավոր նպատակը երկրում կայուն ժողովրդավարական համակարգի ստեղծումն է և իրավունքի գերակայության սկզբունքի ապահովումը:
«Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր խմբակցությունների հետ մենք ունեցել ենք շահագրգիռ քննարկումներ, եղել են ողջամիտ առաջարկություններ, որոնք էլ հետագայում ընդգրկվել են նախագծում: Սահմանադրության նախագիծը ո\'չ սահմանադրական հանձնաժողովը, ո\'չ էլ Սերժ Սարգսյանը չեն դիտարկում որպես դոգմա, այն վերջնական փաստաթուղթ չէ, մենք պատրաստ ենք ողջամիտ առաջարկություններին ընդառաջել, քանի որ Սահմանադրությունը պետք է արտահայտի ժողովրդի միասնական կամք և լայն կոնսոլիդացիա»,- ասաց Պողոսյանը: