Աղբյուրը՝ armeniangenocide100
Մարգարիտ Աճեմյան-Ահներթի պատմությունը
Աղբյուրը՝ armeniangenocide100
Մարգարիտ Աճեմյան-Ահներթի պատմությունը
Հայոց ցեղասպանությունը վերապրած Մարգարիտ Աճեմյանը պատմել է, որամեն օր մարդկանց հոծ խմբեր են թողել քաղաքը: Այնուհետև մի օր հորից լուր են ստացել, որով խնդրել է իրենց մեկնել և հանդիպել իր հետ հարևան քաղաքում: Սակայն հարևանը պատմել է, թե ինչպես են քաղաքից քիչ հեռանալուց հետո գյուղի տղամարդկանց ստիպել փոս փորել, այնուհետև գնդակահարել ու թաղել եղբայրական գերեզմանում: Պարզվել է, որ նամակների հեղինակն ամենևին էլ Մարգարիտի հայրը չէ:
…Ամեն օր մարդկանց հոծ խմբեր էին թողնում քաղաքը: Այնուհետեւ հայրիկից լուր ստացանք, որով խնդրում էր մեզ մեկնել եւ հանդիպել իր հետ հարեւան քաղաքում: Ա՜խ, հայրիկիս տեսնելու միտքն ինձ նորից երջանկացրեց:
Թուրք պաշտոնյաները մեզ տեղեկացրին, որ թշնամին շատ մոտ է եւ ապահովության համար մենք պետք է լքենք քաղաքը՝ հասնելով մեր տղամարդկանց:
Ի՞նչ թշնամի: Ո՞վ էր շատ մոտ: Այդ հարցերը ընդմիշտ մնացին անպատասխան: Մեր հարեւաններից մեկը՝ Վիկտոր Համադյանը, պատմեց մեզ, որ տեսել է՝ ինչպես մեր քաղաքի տղամարդկանց քաղաքի արվարձաններից հեռու չեն տարել: Նա ասաց, որ տանելուց հետո տղամարդկանց ուժով ստիպել են խորը փոս փորել՝ գնդակահարվելուց եւ եղբայրական գերեզմանում թաղվելուց առաջ:
Ես դեմ առ դեմ կանգնեցի պրն. Համադյանին եւ ասացի.
-Դա ինչպե՞ս կարող է ճիշտ լինել: Նայեք, մենք գրություններ ենք ստանում հայրիկից: Նա պետք է, որ ողջ լինի եւ ոտքով մի օրվա ճանապարհ հեռու, ինչպես գրված է գրության մեջ:
Պրն. Համադյանը զարմացել էր, որ ես համարձակվեցի կասկածել իրեն: Երիտասարդ աղջիկը կասկածի չի ենթարկում տարեց մարդուն, մինչդեռ ես այլեւս երիտասարդ աղջիկ չէի: Վերջին երկու օրերի տեսածներն ինձ համարձակություն տվեցին կասկածելու պրն. Համադյանին:
Տեսնում էի, որ տատիկս անհարմար էր զգում: Նա ինձ նայեց իր «լուռ մնա» շարքի հայացքներից մեկով, բայց ես անտեսեցի այն: Ես կրկին հարցնում էի պրն. Համադյանին.
-Դուք այս բոլորի մասին որտեղի՞ց գիտեք:
Պրն. Համադյանը կռացավ դեպի ինձ: Ես մտածեցի, թե նա պատրաստվում է բղավել վրաս, սակայն փոխարենը հանգիստ ասաց.
-Ցու՛յց տուր այդ գրությունները: Ես գիտեմ հորդ ձեռագիրը, դրանք իրենը չեն: Մի՛ հավատա: Փախե՛ք հիմա, քանի կարող եք: Եթե սպասեք, հետո շատ ուշ կլինի…
…Այն առավոտ, երբ մենք պատրաստվում էինք մեկնելու, զինվորներ՝ զափթիեներ, եկան եւ սկսեցին թակել մեր դուռը: Երիտասարդ թուրք զինվորը, թուրքական բանակի հեղինակության, ուժի եւ ահաբեկման երանգները ձայնի մեջ, հրամայեց անմիջապես հեռանալ:
-Ով մնաց, կգնդակահարվի,- ասաց նա,- շարժվե՛ք, արագացրե՛ք, յա՛լլա, յալլա…
Վարդուհին արագ բրեզենտ կապեց մեր բաց սայլի վրա, որը լցված էր սննդով եւ վերմակներով: Այն քաշելու համար նա մի եզ կապեց, եւ մենք դուրս եկանք՝ միանալով Ամասիան լքող սայլերի քարավանին: Շտապելու պատճառով ես մոռացա դռան ետեւում կախված իմ դարչնագույն բրդյա վերարկուն: Գիտեի, որ այլեւս երբեք չեմ տեսնի այն:
Ընդամենը կես ժամ էինք դուրս եկել քաղաքից, երբ քրդերի մի հեծելախումբ գրոհեց սարերից եւ հարձակվեց քարավանի առջեւից ընթացող աոաջին խմբի վրա: Զափթիեները սկսեցին քրթմնջալ: Խմբից ինչ-որ մեկն ասաց, որ նրանք մեզ քրդերից պաշտպանելու համար էին այնտեղ: Դա սուտ էր, որովհետեւ նույն զինվորները գրոհեցին մեզ վրա քրդերի հետ միասին: Օդում՝ գլխավերեւում թափահարելով իրենց կեռ սրերը, սուր ճչալով եւ հայհոյանքներ տեղալով՝ նրանք ձիերն ուղիղ քշեցին դանդաղ շարժվող մարդկանց վրա:
Սահելով ես ընկա գետին: Մարդիկ ճչում էին: Նրանցից մի մասը տրորվեց սայլերի անիվների տակ, մյուսների մարմիններն արյունահոսում էին: Մի ձի ոտնակոխ արեց կողքիս կնոջը, եւ ես լսեցի նրա ոսկրերի փշրվելու կրճտոցը: Դա նման էր տատիկիս՝ ընկույզ կոտրելու ձայնին, միայն ավելի ուժեղ: Մեկ ուրիշ տղամարդ լռվել էր կոտրված սայլի անիվի տակ՝ բռնելով մի կնոջ ձեռքից, իսկ գլուխը չկար: Նրանք, ովքեր չէին սպանվել առաջին գրոհի ժամանակ, թալանվում էին ու ծեծի ենթարկվում:
Այնուհետեւ զինվորներն ընկան աղջիկների ետեւից: Սկզբում տարան ամենագեղեցիկներին: Տեսա, թե ինչպես զինվորները մի քանի աղջկա մազերից բարձրացրին, գցեցին իրենց ձիերի մեջքերին եւ ապա ձիավարեցին:
-Աստվա՜ծ իմ,- բղավում էր տատս: Նա հրելով գցեց ինձ սայլի մեջ եւ դեմքս քերծեց սուր քարով, իսկ ծալքերի մեջ տրորեց հում սխտոր ու ցեխ: Տատս գրպանում միշտ սխտոր էր պահում՝ չար աչքը հեռու պահելու համար:
Այնուհետեւ բավարարված ձայնով նա ասաց.
-Ահա, հիմա սա կթարախակալի եւ կցավեցնի, ու դու անճոռնի տեսք կստանաս: Շու՛տ արա, հագի՛ր այս լայն շորերը, եւ միգուցե զինվորները քեզ չուզենան: Գլուխդ իջեցրած պահի՛ր եւ սու՛ս մնա… Առավոտ կանուխ դեմքս քոր եկավ, սպիտակ թարախ հայտնվեց:
Ես արագ վերցրեցի Վարդուհու ձեռքի փոքր հայելին: Ո՞վ էր ինձ ապշած նայող այս էակը: Ես զզվանքով շուռ եկա դեմքիս տեսքից: Այն նույն դեմքի, որ շատերի կարծիքով գեղեցիկ էր: Ես նմանվել էի հրեշի: Ոչ ոք վրաս չէր նայում: Տատս գոհ էր իր ձեռքի աշխատանքից…
Տոթ հունիս էր, եւ մեր ունեցած քիչ ջուրը գոլորշիանում էր շոգի պատճառով: Ես շարունակում էի ամուր բռնել ջրի փոքր սափորը, որը փրկել էի մեր սայլից, բայց այն գրեթե դատարկ էր: Հաջորդ գիշեր մենք օթեւանեցինք ջրհորի մոտ: Թուրք զինվորները մինչեւ բերան լցրին իրենց տափաշշերն ու ջրի սափորները: Երբ ավարտեցին, գոռացին ամբոխին.
-Ով բռնվեց ջուր վերցնելիս, կգնդակահարվի:
Մենք նստեցինք իրար մոտ՝ մարմիններով կողք կողքի: Ոչ ոք չմոտեցավ ջրհորին: Ուշ գիշերով ջրհորի կողմից մենք լսեցինք մի կնոջ ճիչ: Ոչ ոք չշարժվեց: Առավոտյան մենք տեսանք երիտասարդ հարսի մարմին, որին գիտեինք Ամասիայից: Նրա կապտասեւ մատներից ջրի սափոր էր կախված: Մեկն ասաց, որ նրան շատ հարվածներ էին հասցրել: Ես տեսա նրա պատռված որովայնը եւ չծնված մանկիկին՝ ցեխի մեջ, մոր գլխի մոտ՝ թրին ցցված: Երբ մենք անցնում էինք կողքով, Վարդուհին դեմքս հրեց իր կրծքերի մեջ, որպեսզի ես չտեսնեմ: Բայց ես արդեն ամեն ինչ պարզ տեսել էի…
Հաջորդ օրվա կեսին մենք անցնում էինք ճանապարհի եզրին փորած խորը փոսի մոտով, որը լցված էր ահել եւ ջահել մարդկանց մերկ մարմիններով: Ես ձգվեցի ինչքան կարող էի՝ մահացածների մեջ հորս տեսնելու համար: Այնքան շատ փշրված կերպարանքներ կային՝ գլուխները ոտքերի տակ, դեպի երկինք պարզած ձեռքերով, բաց բերաններով եւ անթարթ աչքերով: Ճիշտ է, ոչ մի ձայն չէր լսվում, սակայն այնպիսի ճնշում էի զգում ականջներիս, կարծես ձայներ լսեի: «Երեւի ցնորվել եմ,- մտածեցի ես,- Ինչպե՞ս կարելի է լսել լռությունը»:
-Շարժվե՛ք, առաջ շարժվե՛ք,- բղավում էին զափթիեները: Արսենը կախ ընկավ ձեռքիցս եւ լացեց: Լսում էի՝ ինչպես էր տատիկս նորից ու նորից կրկնում էր «Հայր մեր»-ը: Վարդուհին քայլելիս երկու ձեռքերով պահում էր իր փորը, նա հղի էր: Մենք հինգ օր ոչինչ չէինք կերել, երբ հանդիպեցինք ոսկրերից կախ ընկած ինչ-որ նիհար կանանց: Հետաքրքիր էր. քանի՞ օրից մենք նույն տեսքը կունենանք: Մի նորածին ծծում էր մահացած մոր կուրծքը, մինչ ուրիշ կանայք պատառոտում էին ճանապարհին մնացած դիակների մարմինները: Արսենը ուժեղ ձեռքս քաշեց:
-Խնդրու՜մ եմ, խնդրու՜մ եմ, խոստացի՛ր, որ բացի քեզանից ոչ ոքի չես թողնի ուտել մարմինս:
-Արսե՛ն, խենթություններ դուրս մի՛ տուր: Ոչ ոք չի պատրաստվում ուտել մարմինդ:
-Ո՛չ, ո՛չ, դու պիտի հիմա խոստանաս,- ասում էր նա:
-Լա՛վ, լա՛վ, խոստանում եմ…
Անձրեւ եկավ: Ջրի ծանրությունն ինձ հրեց գետնին: Մի քանի հոգի փորձեցին հարմարվել մեր վերմակի տակ: Գրեթե տասնհինգ կամ ավելի մարմին էր ծածկվել այդ վերմակով՝ ձեռք, գլուխ, մարմնի կես, մատ: Ամեն ոք մի ծածկ էր որոնում ռմբակոծող անձրեւից:
Այնուհետեւ ջրի հեղեղ հորդեց կողքի բլուրից՝ իր հետ բերելով փոքր քարերի, ավազի, ցեխի եւ ամեն տեսակ մարդկային կեղտի խառնուրդ: Ամենավատ վիճակում փոքր երեխաներն էին: Մի քանիսը պլստացին մայրերի ձեռքերից եւ անհետացան հաստ ցեխի մեջ: Կայծակը, որոտը եւ ռմբակոծող անձրեւը կարծես խելացնորության հասցրին զինվորներին: Նրանք մեզ նախկինից ավելի ուժեղ գրոհեցին: Ես փորձում էի լցնել իմ փոքր բաժակը անձրեւաջրով, որ թափվում էր վերմակի անկյունից: Միայն մի քանի կաթիլ հավաքեցի: Մենք բռնվել էինք իրարից՝ վախենալով շարժվել: Ես Արսենին էի փնտրում: Նա չկար:
-Արսե՛ն, Արսե՛ն, որտե՞ղ ես,- բղավում էի ես:
Լռություն էր: Հետո ձախ կողմում լսեցի ինչ-որ թնկթնկոց:
-Արսե՛ն, դո՞ւ ես:
Ո՛չ, նա չէր: Նրան տարել էին գիշերվա ընթացքում: Ես ընդհանրապես չզգացի, թե ինչպես նա թողեց իր փոքրիկ ձեռքը:
-Մեղավորը ես եմ: Ես ավելի ամուր պետք է պահած լինեի նրա ձեռքը,- ասացի ես տատիկիս:
Բայց նա չէր լսում ինձ: Վարդուհին ու նա արտասվում էին եւ Աստծուն աղոթում, որ փրկի մեզ: Հիմա մենք երեքով էինք:
Թուրք զինվորների ղեկավարը ժամանակ առ ժամանակ կռանում էր ձիուց, բռնում մի երեխայի ձեռքից եւ օդում պտտեցնելով՝ ջարդուփշուր անում երեխային՝ ողջ ուժով շպրտելով նրան գետնին: Նա բարձրաձայն գոռում էր.
- Չմտածե՛ք, որ ես սպանեցի անմեղ երեխայի: Նույնիսկ այս նորածինները հանցագործ են, քանի որ նրանք կրում են վրիժառության սերմերը: Երեխաներին նույնպես սպանե՛ք: Ես լսեցի՝ ինչպես զինվորներն ասացին.
-Երեխաներին էլ սպանե՛ք, բոլորին սպանեք:
Ես ձեռքերով փակեցի ականջներս, թեեւ դեռ լսում էի նրանց…
Մի քանի մետր այն կողմ ես տեսա սատկած ձիու միս ուտող կանանց: Չնայած մի քանի օր բան չէի կերել, քաղց չէի զգում: Մտածեցի. «Արսենը մեռա՞ծ է: Կարո՞ղ է ինչ-որ մեկը նրա միսն է ուտու՞մ»:
Ոչ ոք ժամանակ չուներ ողբալու մահացածներին: Ողջ մնացածները քայլում էին առաջ՝ հուսալով խուսափել հաջորդ հարձակումից: Տատս ավելի ու ավելի դանդաղ էր քայլում: Զինվորներն իրենց մտրակները չրխկացնում էին մեր մեջքերին, որպեսզի ստիպեն ավելի արագ քայլել: Տատս ընկավ: Ես արագ բռնեցի նրան: Մեջքիս վրա տարա, մինչեւ որ նա կրկին ընկավ:
-Շարունակե՛ք առանց ինձ,- շշնջաց նա,- ես ծեր եմ, ես չեմ դիմանա, բայց դուք պետք է ապրեք:
Այնուհետեւ նա ձեռքը տարավ եւ վզից քաշեց մի փոքր սեւացած երկաթյա խաչ: Նա խցկեց այն ձեռքիս մեջ եւ ասաց.
-Պահի՛ր այն, Եսթե՛ր, եւ աղոթի՛ր, որ Աստված օգնի քեզ:
Ես կրկին ձեռքերս պարզեցի դեպի նա, բայց մի ձիավոր հայտնվեց մեր միջեւ՝ առաջ հրելով ինձ մնացածների հետ: Տատիկս մնաց ետեւում: Ես շուռ եկա նրան փնտրելու եւ տեսա գլխին իջնող հրացանի կոթը: Օդում արյան ցայտուկ երեւաց: Ես բղավեցի.
-Տատի՜կ, տատի՜կ,- սակայն գիտեի, որ նա ինձ այլեւս երբեք չի լսելու: Ո՞ր Աստվածը կարող էր թույլ տալ նման բան: Փոքր խաչն այրվում էր ձեռքերիս մեջ: Սպանությունների ընթացքում կանայք ճչալով վազում էին այսուայնկողմ: Նրանք առաջ էին վազում մահացածներից հեռանալու համար: Մնացինք երկուսով…
Աճեմյան-Ահներթ Մարգարիտ, Դռան թակոցը (Ճամփորդություն Հայոց ցեղասպանության խավարի միջով), Հայ օգնության ֆոնդ, Երևան, 2009, 202 էջ, էջ 75–92: