կարևոր
6664 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-14 14:54
Քաղաքական

Ոստիկանական 5 շարասյան միջով ուղղակի ճողոպրեց Արգիշտի Քյարամյանը. զոհվածի հայր

Մոտ 5 շարասյուն ոստիկանների միջով Արգիշտի Քյարամյանն ուղղակի ճողոպրեց. Ես կամաչեի նման քայլի դիմել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Քննչական կոմիտեից դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:

Նշենք, որ երեկվանից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 24-ժամյա նստացույց են սկսել ՔԿ-ի դիմաց եւ պահանջում են մեղադրանք առաջադրել զոհվածների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» պանթեոնում բռնություն կիրառած 13 ոստիկանների նկատմամբ:

«Ավելի լավ էր՝ ինքը մնար այստեղ, քան ծնողների արանքով այդ քայլին դիմեր: Այսինքն ես մեղավոր եմ՝ ձեզնից փախչում եմ: Ես իր արարքն այդպես եմ բնութագրում: Հիմա էլ կարմիրբերետավորներ կան շենքում, երեւի բերել են, որ էլի փախցնեն էդ մարդուն:

Մենք ամբողջ գիշերը մնացինք այստեղ, ոստիկանների հետ շենքին պահակություն էինք անում: Առավոտյան սպասում էինք, որ ինքը կգա աշխատանքի, բայց ցավոք մինչ այս պահը չկա, չենք տեսել:

Ծնողները ջրի մեջ սպասում են, որ 30-35 տարեկան մի երիտասարդ պետք է գա կամ արհամարհի՝ չգա: Սա գալիս է նրանից, որ երկրում անպատժելիության մթնոլորտ է, սրանք պատժում են այն մարդկանց, ում ցանկանում են:

Այսօր, որ Արգիշտի Քյարամյանը նստած է իր կաբինետում, այդ շքեղ կյանքը վայելում է, այդ տղաների կյանքի շնորհիվ է: Դեռ ինչ-որ տեղ մի հույս ունենք, որ սրանց մեջ խիղճ կարող է ծնվել, բայց սրանք խիղճ չունեն»,-ասաց նա:

Վահիդ Սահակյանը նկատեց, որ իրենք միայն ուզում են հասկանալ՝ ծնողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ մեղադրանք առաջադրված է, թե ոչ. «Թող ասեն՝ ոչ, առհասարակ չի առաջադրվելու, որովհետեւ մեր օրենսգիրքը չի ենթադրում ոստիկանին ենթարկել քրեական պատասխանատվության, նրանք  պատգամավորի նման անձեռնմխելի են, որ մենք էլ հասկանանք՝ ինչ ենք անում»:

Նա պնդեց, որ այսօր ամբողջ երկիրը ղեկավարվում է մեկ կոճակով, որը գտնվում է կառավարության շենքում. «Նիկոլ Փաշինյանը կարողանում է միջամտել եւ իրավապահ կամակարգի, եւ օրենսդիր ու գործադիր մարմինների գործերին»:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկվանից ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք նաեւ փակել էին Մամիկոնյանց փողոցը: Ծնողները պահանջում են անհապաղ մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։