կարևոր
13243 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-06 19:22
Իրավական

Եթե հարյուր կյանք ունենայի, առանց երկմտելու, էս ամենի միջով նույնությամբ կանցնեի․ Գերասիմ Վարդանյան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Գրեթե 4 տարի ընթացող դատական այսօրվա նիստին հարցաքննվում էր գործով անցնող վկան, որին հարցեր ուղղելու հնարավորություն տրվեցին ոչ միայն պաշտպաններին, այլև՝ Գերասիմ Վարդանյանին։

Դիմելով դատարանին, հանրությանը Գերասիմ Վարդանյանն ասաց․ «Այս հարցաքննությունը լավ է, որ հրապարակային է, բոլորը տեսնում են, բայց այս դատավարությունը տևում է չորս տարի, որի հետևանքով բանտարկվել եմ։ Հիմա էլ բանտից եմ եկել այստեղ՝ մեկ այլ շինծու քրեական գործով, որը «կարվել» է իմ նկատմամբ։ Վկայի հարցաքննությունն ու հարցերի պատասխանն էլ ուզում եմ հրապարակային լինի և հասարակության համար տեսանելի լինի, թե ոնց են «կարվում» այս քրեական գործերն ու մարդիկ ինչպես են բանտարկվում․․․Այս ամենը մարդկանց լռեցնելու, կաշկանդելու, հնազանդեցնելու  նպատակ ունի։ Ես հիմա դահլիճում նայում եմ ընկերներիս, կնոջս  ու մտածում՝ էս տարիների ընթացքում ինչերի միջով անցանք և դեռ որքան պետք է անցնենք, արժե՞ր, թե՝ ոչ։ Այն մարդկանց, որոնք «կարում են» էս գործերը, մի բան կարող եմ ասել՝ այս ամենի միջով ,եթե 100 կյանք ունենայի,  հարյուր անգամ այս ամենի միջով նորից կանցնեի։ Ինձ համար մեր հայրենիքի, Արցախի, հայ ժողովրդի ազատությունից  էն կողմ ամեն ինչ բանտ է, տարբերություն չկա ,թե որտեղ կլինեմ։ Քանի դեռ ամբողջապես ազատ չենք, ամեն ինչ բանտ է՝ լինի դրսում ,թե՝ բանտախցում։ Սա շոու է,թատրոն, թե որքան կտևի՝ չգիտեմ»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Գերասիմ Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։