Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` ասելով, որ ներկայացնում է իր անձնական կարծիքը:
«Այսօրվա տեղեկատվական հոսքերը հպանցիկ դիտարկելու դեպքում անգամ կարող ենք արձանագրել, որ նախընտրական ծրագրերը մեզ համար արժեք չեն ներկայացնում: Մանրանալու իմաստ էլ չեմ գտնում, բայց մի բան կարող եմ փաստել` եթե 2012 թվականի ընտրությունները համարում եք իրական, ապա, դիմելով իմ ՀՀԿ գործընկերներին, պիտի հարցնեմ՝ ինչո՞ւ այսօրվա քաղաքական օրակարգը արտացոլված չէր այնտեղ, արդյո՞ք ձեր կուսակցությունը հանրային քվե է ստացել` սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար: Պարզ է, որ` ոչ:
Սուբյեկտիվ չլինելու համար նույն հարցը տամ նաև իմ ընդդիմադիր առանձին գործընկերների: Եթե 2012 թվականի ընտրություններն իրական էին, ապա, եթե չեմ սխալվում, դուք քվե եք խնդրել ու ստացել, այդ թվում` նաև սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, համամասնական ընտրակարգով պառլամենտական երկիր ունենալու նպատակով պայքարելու համար: Դուք հիմա դա՞ եք անում: Պարզ է, որ` ոչ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին` պատգամավորն անկեղծորեն խոստովանեց, որ չունի այդ հարցի պատասխանը` կո՞ղմ է դրան, թե՞ ոչ:
«Խոսքս միայն փաստաթղթի մասին է: Ես գիտեմ կոնկրետ ինչին եմ կողմ ու ինչին եմ դեմ: Ես կողմ եմ ու իմ փոքր հնարավորությունների սահմաններում գործելու եմ, որ մի օր Հայաստանը լինի այնպիսի պետություն, ինչպիսիք են Դանիան, Բելգիան, Շվեդիան, Նորվեգիան, Չեխիան: Չգիտեմ, պատահական է, թե` ոչ, սրանք խորհրդարանական կառավարման երկրներ են: Ես դեմ եմ, որ իմ երկիրը մի օր լինի այնպիսի պետություն, ինչպիսիք են Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը: Պատահականություն է գուցե, բայց սրանք էլ նախագահական կամ կիսանախագահական երկրներ են: Ես երազում եմ նորվեգական Հայաստանի մասին: Իմ համար չեմ երազում: Հույս չունեմ: Մենք այսօր խիստ զբաղված ենք դրա համար. կեսը ճանապարհներ է հորինում վերարտադրվելու համար, մյուս կեսը պայքարում է դրա դեմ: Ու այդ ամենն այնպիսի ջերմեռանդությամբ, կարծես մենք անմահ ենք, դեռ հազար տարի ապրելու ենք և դեռ կհասցնենք մնացած մանրուքներով էլ հետո զբաղվել: Ես նման Հայաստան եմ երազում եմ իմ որդու ու 4 աղջիկներիս համար: Ես երազում եմ բոլորիս հրաշք բալիկների համար: Ու տա Ասված, որ մի տասը տարուց նույն բանը ստիպված չլինեմ երազել արդեն թոռների համար: Բայց եթե այսպես գնաց, կարծես հենց դա էլ կլինի:
Քննարկումների հետ ուղիղ կապ չունեցող մի դիտարկում էլ անեմ: Հետևելով Սահմադրության քննարկումների` մինչ օրս տեղի ունեցած գործընթացին, ինքնս ինձ համար պարզել եմ մի կարևոր բան` ես հավատում եմ պարոն Վարդան Պողոսյանին: Ես նրա մեջ տեսնում եմ ապագա լուսավոր Հայաստանը, որ նախևառաջ պիտի կառուցվի պրոֆեսիոնալիզմի, գրագիտության, եվրոպական կամ, ավելի շուտ, մեր իրական արժեհամակարգի վրա: Պարո\'ն Պողոսյան, ես հավատում եմ մեկ մարդու դերակատարությանը, հավատում եմ, որ Դուք մինչև վերջ կանեք այն, ինչին հավատացել եք տարիներ շարունակ: Ինձ կասեն` մեկ մարդն ի՞նչ կարող է անել, ես կասեմ՝ շատ բան: Ուրախ եմ, որ իշխանությունում որոշել են Ձեր կերպարով ներկայանալ, դա շատ բան կփոխի հենց իշխանության այն ձեռագրում և այն վարքագծում, որը մենք չենք ընդունել մշտապես»,- ասաց Թևան Պողոսյանը: