Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»ի, «Քաղաքացիական պայմանագիր»-ի և «Հանրապետություն»-ի այն հայտարարությանը, որ միավորվելու են և դեկտեմբերի 12-ին հանդես գալու համատեղ հայտարարությամբ: Պատգամավորը նշեց, որ այդ երեք կուսակցությունները դեռ քննարկումներ են անցկացնում, և էթիկայի և բարոյական տեսանկյունից ճիշտ չի համարում այդ թեմային անդրադառնալ: «Երբ նրանք` երեքով, համատեղ հայտարարություն կանեն, այդ ժամանակ էլ կխոսենք այդ մասին»,- ասաց Պողոսյանը:
Մեր դիտարկմանը՝ իր լուման էլ կա այս միավորման մեջ, նա ժպիտով պատասխանեց. «Չէ, իրականում իմ լուման չկա: Իրականում ամեն մեկն ինքն իր ճանապարհն է անցել, իրենք են անցել այդ ճանապարհը, իրենք են հարթել իրենց ուղիները: Ես ասել եմ, որ չեմ ուզում` ընդդիմադիր գործիչները հանկարծ դառնան իշխող կուսակցության կողմից գցած խայծը կուլ տվողներ: Իշխող կուսակցությունը, երբ մտել ենք նախընտրական փուլ, միշտ էլ այնպես է արել, որ ընդդիմադիրները իրար դեմ պայքարեն, ոչ թե այլընտրանքներ առաջարկեն հանրությանը: Ես ուրախ կլինեմ, որ այս անգամ, իսկապես, մեր նախընտրական ժամանակաշրջանը լինի քաղաքական այլընտրանքների, ծրագրերի իմաստով պայքար»:
Պողոսյանը նշեց, որ կցանկանար, որ բոլոր նորաստեղծ ուժերը, նոր միավորումները կարողանային իրենք իրենցով մշակույթ փոխել նախընտրական պայքարի ընթացքում, բայց թե ի՞նչ կլինի, կերևա դեկտեմբերի կեսից հետո կամ միգուցե 2017 թվականի հունվարից հետո, երբ ամբողջ պատկերը կլինի ձևավորված, այդ ժամանակ նոր կարելի է քննարկել այս խնդիրները:
Մեր այն հարցին էլ՝ արդյո՞ք ինքը մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և որևէ մեկի հետ բանակցություններ վարում է, Պողոսյանը պատասխանեց. «Դեռ ցանկություն չունեմ, մնացածը կյանքը ցույց կտա, առայժմ իմ պարտականությունները կանեմ, հետո կերևա»:
Հարցին` իրեն առաջարկներ չե՞ն եղել նույն ՔՊ-ի կամ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, երբ ես որևէ բանի նվիրված աշխատում եմ, ուրեմն աշխատում եմ նվիրված, վերջ: Քննարկումների ժամանակահատված երբ կգա, կտեսնենք` կլինի՞, թե՞ ոչ: Չէ՞ որ խնդիրը միայն իմ պատկերացումը չէ, մյուս կողմից` պատկերացումն էլ պետք է լինի` արդյո՞ք իրենք ցանկանում են ինձ տեսնել: Եթե չեն լինելու այդ առաջարկները, միայն նրանից, որ ես նայեմ, ասեմ` վայ, ինչ լավ կլինի, որ առաջարկեն, այդպես չէ: Այդ պահը չկա, ես էլ ինքս առայժմ այդ բաների մեջ չկամ»: