Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ կողմից ՍԴ մուտքագրված դիմումը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել. Yerkir.am-ին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Այս պահի դրությամբ դիմումի հետ կապված դատարանը որևէ որոշում չի կայացրել», - ասաց նա։
Հիշեցնենք, որ ԲՀԿ մուտքագրած դիմումին պատասխանելու 20-օրյա ժամկետը, որով ԲՀԿ-ն բողոքարկում էր խորհրդարանի ընդունած նախագիծը, համաձայն որի`չեղարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ՍԴ ուղարկելու և դրանց ՀՀ Սահմանադրությանը պարզելու կարգը, արդեն լրանում է։ ԲՀԿ-ն գրավոր կարգով դիմումը մուտք էր արել հունիսի 25-ի երեկոյան, իսկ առձեռն ՍԴ էր հանձնել հունիսի 26-ի առավոտյան։
Հարցին, թե ընթացակարգով ի՞նչ քայլեր են նախատեսված նման դեպքերում, որքան ժամանակ հետո դիմումի կարգավիճակը պարզ կլինի՝ Ղազարյանն ասաց. «Դա դատարանը պիտի քննարկի։ Ոչ ստանդարտ իրավիճակ է, և մեր պատմության մեջ երբևէ նման բան չի եղել, որ գործը մուտք արվի դատարան ու որևէ ընթացք չտրվի»։
Միևնույն ժամանակ Ղազարյանն ընդգծեց, որ խոսքը միայն ԲՀԿ դիմումի մասին չէ, առհասարակ հունիսի 25-ից դատարան մուտքագրված գործերին ընթացք չի տրվել։
Հարցին՝ դա կապվա՞ծ է այս ժամանակահատվածում ՍԴ-ում քվորում չապահովելու հետ, Ղազարյանն ասաց․
«Ոչ միայն։ Աշխատակարգի համաձայն՝ դատարան մուտք եղած դիմումները դատարանի նախագահը մակագրում է մեկ կամ մի քանի դատավորների՝ նախնական ուսումնասիրության նպատակով, որից հետո դատավորները դատարանին իրենց ուսումնասիրության վերաբերյալ հաղորդում են տալիս, և աշխատակարգային որոշում է կայացվում գործը վարույթ ընդունելու կամ վարույթը մերժելու մասին։ Պարոն Թովմասյանն ամսի 25-ից գնացել էր արձակուրդ, դրանից հետո տիկին Գյուլումյանը չէր գալիս աշխատանքի, պարոն Խաչատրյանը չէր ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը։ Ըստ էության, որևէ մեկն այդ գործի վրա մակագրություն չի արել, որ որևէ դատավոր նախնական ուսումնասիրություն իրականացնի, և սա միայն այդ գործին չի վերաբերվում, այլ ՍԴ մուտք եղած մնացած դիմումներին»։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ուժի մեջ էին մտել ԱԺ ընդունած Սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն ՍԴ դատավորի պաշտոնավարումը չպիտի գերազանցի 12 տարին։ Սա ենթադրում է ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման դադարում։ Համաձայն փոփոխությունների՝ դադարում է նաև ՍԴ նախագահի՝ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը։
ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանն իր հերթին հայտարարել էր, որ չի կատարի ՍԴ նախագահի գործառույթները մինչև ՍԴ մասին օրենքում փոփոխությունները չմտնեն ուժի մեջ։
Հիշեցնենք նաև, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հարակից օրենքով, որոնք ուժի մեջ կմտնեն պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։