Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միանշանակ ասել, թե չի կարելի նախագահի եւ կաթողիկոսի համար ամպհովանի բռնել, չենք կարող` նայած` ո՞վ է քո կաթողիկոսն ու նախագահը. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց երաժիշտ, քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանը` մեկնաբանելով դերասաններ Արմեն Էլբակյանի եւ Տիգրան Ներսիսյանի` Սուրբ Ծննդյան օրը նախագահի եւ կաթողիկոսի համար ամպհովանի բռնելու փաստը:
Ըստ Հակոբյանի` փաստ է, որ նախագահի եւ կաթողիկոսի ինստիտուտները չափազանց անձնավորված են, եւ որքան էլ ուզենանք, չենք կարող չնկատել այս հանգամանքը:
«Դերասանի անձնական ընտրությունն է` պահո՞ւմ է ամպհովանի, թե՞ ոչ: Կարծում եմ` ամեն դեպքում դերասանը միմոս չէ, եւ չի կարելի նրան այդ աստիճան օգտագործել եւ օգտագործվել: Բայց նորից եմ ասում, յուրաքանչյուրն ինքն է ընտրում` դառնա՞ միմոս, թե՞ մնա դերասան, թեկուզ ինքը հազար թելերով կախված լինի նախագահականից: Ստեղծագործական դաշտը բազմաշերտ է, այնտեղ մենք ունենք Վարդան Պետրոսյան եւ ունենք Արմեն Էլբակյան: Տարբեր ծայրահեղություններ են»,- ասաց Հակոբյանը:
Եթե Էլբակյանն իր գործողությունն արդարացնել է ուզում` ասելով, թե ինքը հավատացյալ մարդ է եւ պատվում է Աստծո կողմից տրված իշխանությանը, մյուս կողմից, Հակոբյանի դիտարկմամբ, Վրաստանում եւ Ուկրաինայում քահանաներն իրենց հոտի հետ դուրս են եկել իշխանության դեմ, եւ ի՞նչ է ստացվում` Ուկրաինայում եւ Վրաստանում քահանաները հավատացյալներ չե՞ն: Այսինքն, ըստ Հակոբյանի, Էլբակյանի ձեւակերպումը հակասում է ինքն իրեն:
«Ես գիտեմ բազմաթիվ աղանդների ներկայացուցիչներ, որոնք չեն մասնակցում ընտրություններին կամ քաղաքական գործընթացների, քանի որ իրենց համար միեւնույն է, թե ի՞նչ է կատարվում: Արդյո՞ք մեր եկեղեցու նպատակն էլ դա է, որ մարդիկ դառնան այդպիսի մի կատեգորիա: Կարեւոր չէ` աղանդավոր կլինեն, թե` Առաքելական եկեղեցու հետեւորդներ, էականն այն է, որ մարդիկ անտարբեր են իշխանության նկատմամբ եւ պետք եղած ժամանակ կարող են հովանոց էլ բռնել նրանց համար»,- ասաց Հակոբյանը եւ հավելեց, թե հակված է մտածելու, որ մեր պետությանը ձեռնտու է, որ հասարակությունը դառնա տոտալ աղանդավոր, միայն թե չխանգարի իրեն, չըմբոստանա:
Երաժիշտը հիշեցնում է` երկրի վրա ամեն ինչ չէ, որ Աստծո կամոք է կատարվում, եւ մարդն ի սկզբանե ունի իր դերակատարությունը եւ ընտրության հնարավորություն: Այս դեպքում` ասել, թե իշխանությունն աստվածատուր է, նրա կարծիքով, ճիշտ չէ:
«Էլբակյանի պարզաբանումը եւ որոշ մտավորականների, թե` մենք չենք ըմբոստանում, քանի որ սա է տրված մեզ, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, քանի որ մեր գործով ենք զբաղված, զուտ արդարացումներ են: Իսկ Էլբակյանի այն միտքը, թե` «մարդիկ լավ օրիվ չէ, որ չարությամբ են լցված», այնքան էլ տեղին չէ, քանի որ մենք չարությամբ չենք լցվել, ընդամենը գնահատում ենք իր արածը: Այո, մենք «լավ օրում» չենք ապրում, եւ դրա պատճառը գիտենք ինչից է: Եթե դու գնում ես ծառայելու վատ օրը ստեղծողին եւ քեզ պարտադրողին, ուրեմն պատրաստ եղիր ստանալ տարատեսակ գնահատականներ: Վերջապես, հասարակությունը որոշել է իրերն իրենց անուններով կոչել: Եթե մեկը հակված է ստրկանալ ու դա չթաքցնել, պատրաստ եղիր ասելու, որ, այո, դու ստրուկ ես եւ դա չես թաքցնում»,- իր խոսքն ամփոփեց Հակոբյանը: