կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-16 13:12
Քաղաքական

Անցումային դրույթներում տրամաբանական է ամրագրել կառավարության հրաժարականի հարցը. Վարդան Պողոսյան

Անցումային դրույթներում տրամաբանական է ամրագրել կառավարության հրաժարականի հարցը. Վարդան Պողոսյան

Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցեր ուղղեց հիմնական զեկուցող` սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին: Առաջին հարցը վերաբերում էր անցումային դրույթներին: Հանրապետության նախագահը մինչև 2018-ը իրականացնում է իր լիազորությունները` անկախ նրանից, որ 2017թ. ընտրությունները պետք է անցկացվեն արդեն նոր կարգով: «Սակայն 2018-ի համար նախատեսված չէ, թե նոր նախագահի անուղղակի ընտրության դեպքում ինչ է լինում այն կառավարության հետ, որը ձևավորվել 2017-ի ընտրությունների արդյունքներով և նշանակվել է հանրապետության նախագահի կողմից: Արդյո՞ք կառավարությունը հրաժարական չպետք է տա, որպեսզի գործողության մեջ մտնի արդեն, սահմանադրական նոր կարգավորումներին համապատասխան, կառավարության կազմավորման մեխանիզմը»,- հարցրեց պատգամավորը:

Նրա երկրորդ հարցը վերաբերում էր համամասնական ընտրակարգին: «Հնարավոր համարո՞ւմ եք, որ համամասնական ընտրակարգը մնա բացառապես հանրաքվեով փոփոխվող հոդվածների մեջ»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:

Երրորդ հարցը վերաբերում էր կրթական իրավունքին: Հոդվածը վերնագրված է որպես պարտադիր իրավունք, սակայն խոսվում է 12-ամյա կրթության մասին: «Հնարավո՞ր է, որ քաղաքացին իրավունք ունենա օգտվելու 12-ամյա կրթական անվճար ծառայություններից, այլ ոչ թե լինի այնպիսի պարտադրանք, որ իրավական պարտավարություն լինի այն չկատարելու դեպքում»,- հարցրեց պատգամավորը:

Վարդան Պողոսյանը, պատասխանելով առաջին հարցին, նշեց, որ անցումային դրույթներում բացակայում է կառավարության հրաժարականի պահանջը: «Իմ կարծիքով` դա տրամաբանական կլինի ամրագրել, որովհետև 2018թ. նախագահի լիազորությունների ավարտից հետո ուժի մեջ են մտնելու սահմանադրական փոփոխությունները: Նման պարագայում տրամաբանական կլինի, որ կառավարության ձևավորումն իրականացվի սահմանադրական փոփոխությունների համաձայն: Այս հարցը, կարծում եմ, քննարկման առարկա կդառնա սահմանադրական հանձնաժողովի կողմից»:

Երկրորդ հարցին պատասխանելով` նա ասաց, որ եղել է տեխնիկական խնդիր, և Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումների ժամանակ ցանկություն չի եղել, որ ընտրական համակարգի հետ կապված խնդիրը հանվի պարտադիր հանրաքվեի դրվող հարցերի շրջանակից:

Վարդան Պողոսյանը նշեց, որ պատգամավորի բարձրացրած երկրորդ հարցն էլ մանրամասն կուսումնասիրվի հանձնաժողովի կողմից և կարվեն համապատասխան եզրակացություններ: Նա նաև նշեց, որ նկատի է առնվել ոչ թե կրթության նվազագույն տևողությունը, այլ կրթական ծրագրերի նվազագույն տևողությունը:

Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ ինչպես միասին արդյունավետ աշխատել են, հուսով է, որ անպայման կշարունակեն աշխատանքը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց, որ կրթությունը չի կարող թվերով չափվել, որովհետև մի օր կարող է անհրաժեշտ լինել սովորել, օրինակ՝ 10, 13 տարի:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը սկսեց տեղից վրդովված խոսել` կրթության անվճար իրավունքի հետ կապված: