կարևոր
940 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-12-03 19:56
Քաղաքական

«Քի Վեսթն ունե՞ս՝ տպի՛ր, եթե չունես, ինչի՞ ես խոսում»․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերի հրապարակմամբ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանը աղճատել է ամբողջ բանակցային գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Նույնիսկ այն փաստաթուղթը, որն ինքը ստացել էր 2019 թվականի հունիսին ԱՄՆ-ում, գրված էր, որ ԼՂ ապագա իրավական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ ունեցող՝ ժողովրդի կամարտահայտության միջոցով, օրակարգը որևէ կերպ սահմանափակված չի լինելու, և մասնակցելու են հայերն ու ադրբեջանցիները նույն համամասնությամբ, ինչպես եղել է մինչև կոնֆլիկտը։ Այսինքն՝ իր այն հայտարարությունները, թե Արցախը կորցրել է տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները լինելու Հայաստանի կազմում կամ անկախ, թե միջազգային հանրությունը Արցախը երբեք չի դիտարկել Ադրբեջանի կազմից դուրս, իսկ ինքնորոշումն էլ դիտարկվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում — կեղծ են, նման բան չկա։ Միջազգային հանրությունը 37 տարվա ընթացքում բազմիցս այլ արձանագրումներ է արել»,– ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 1996 թվականին եղել է համապատասխան արձանագրում՝ գործող նախագահի կամ գլխավոր քարտուղարի հայտարարությամբ, որին Հայաստանը վետո է դրել։ Դրանից ընդամենը երկու տարի անց ներկայացվել է «ընդհանուր պետության» կոնցեպտը, որը ենթադրում էր Արցախի և Ադրբեջանի միջև հորիզոնական հարաբերություններ։

«Այսինքն՝ նշված չի եղել, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Նշվել է՝ Արցախ և Ադրբեջան՝ զուգահեռ։ Դա այն փաստաթուղթն է, որի վերաբերյալ Ալիևը Միլլի Մեջլիսում հայտարարել էր, թե դա «սևից ավելի սև» է, նամակ, բողոք էր ուղարկել ԱՄՆ նախագահին, և Քի Վեսթի բացումից առաջ նույնպես դրա մասին էր խոսում։ Հետո եղել է Քի Վեսթը, որտեղ Ադրբեջանը սուվերեն անցման դիմաց հրաժարվում էր Արցախի և Լաչինի միջանցքի նկատմամբ պահանջներից։ Դրան հաջորդել է Պրահայի գործընթացը, որի արդյունքում ձևավորվել է այն կարգավորումը, որ շուրջ 15 տարի մնացել է բանակցությունների սեղանին»,– նշել է պատգամավորը ճեպազրույցի ընթացքում։

Մանրամասն՝  տեսանյութում։