Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հինգերորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգին անցնելուց առաջ վարման կարգով խոսք վերցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Պատգամավորն ասաց, որ ՀԱԿ-ն առաջարկում է ԱԺ նախագահին` քվեարկության դնել ԱԺ լիագումար նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումը Հանրայինի ուղիղ եթերով հեռարձակելու մասին որոշումը:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ուղիղ եթերով հեռարձակելու համար ժամանակ և ռեսուրսներ են հարկավոր:
Լևոն Զուրաբյանին զայրացրեց Գալուստ Սահակյանի պատասխանը: Նա այդ պատասխանը որպես մերժում ընդունեց: «Սա նշանակում է, որ դուք ուզում եք ժողովրդի թիկունքում դավադրություն կազմակերպել, սա նշանակում է, որ դուք ժողովրդից գաղտնի եք ուզում ինչ-որ բան անել: Եթե դուք ուզենայիք, ապա ռեսուրսներ կգտնեիք, հենց հիմա էլ կդնեիք որոշումը քվեարկության»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, որ և\' խորհրդարանի պաշտոնական կայքն ունի ուղիղ եթեր, և\' կա մեկ հեռուստաընկերություն, ով նույնպես ԱԺ նիստերը ուղիղ է հեռարձակում, այնպես որ` Լևոն Զուրաբյանի առաջարկն անիմաստ է:
Վարման կարգով խոսք վերցրած` ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մանրամասնեց, որ, ուղիղ եթեր ասելով, նկատի են ունեցել Հանրային հեռուստաընկերությունը, որը դիտում է Հայաստանի ամբողջ բնակչությունը, և ուղիղ եթեր հեռարձակելը կօգնի, որ ժողովուրդն առավել տեղեկացված լինի սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին: Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա, պատգամավորի խոսքով, թող ԱԺ բակում անիմաստ վերանորոգում չանեին ու շատրվան չփոխեին, թող ԱԺ-ում անիմաստ տեսախցիկներ չտեղադրեին, ու ցանկության դեպքում ռեսուրսներ էլ կգտնվեին:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Առաջին մասն այնքան քնքուշ ներկայացրեցիք, որ քիչ էր մնում համոզեիք: Բայց որ խոսքում պրովոկացիա կա, ես այն չեմ մեկնաբանում»:
Արամ Մանուկյանը հարցրեց. «Ի՞նչ քաղաքական պատճառ է, որ շատ արագ ուզում եք սահմանադրական փոփոխությունները անցկացնել»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացն իրականացվում է ըստ ժամանակացույցի, որ հարցը քննարկվելու է հաջորդ լիագումար նիստում, այնպես որ` ժամանակ կա, և ոչ ոք չի շտապում:
Լևոն Զուրաբյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը որակեց «մութ»:
«Դուք ձեր մեջ ձեզ բացահայտեք, ժողովուրդն ամեն ինչ գիտի»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը