Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթ առաջ Բելառուսում կայացած` ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում առաջարկել էր, որ ԵՏՄ անդամ երկրները միմյանց միջև ռազմավարական նշանակության ապրանքների հաշվարկները կատարեն ռուբլիով: Ներկայումս միությանն անդամ երկրների միջև առևտուրը կատարվում է դոլարով:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) կարծիք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի այդ առաջարկը շատ դրական է Հայաստանի համար: Պատգամավորը նշեց, որ ցանկացած առևտուր, որը Հայաստանը կիրականացնի Ռուսաստանի հետ, շատ ավելի ձեռնտու է ռուբլիով իրականացնել, քան դոլարով:
«Դե, պատկերացրեք, թե Հայաստանի համար որքան շահավետ կլիներ, եթե գազ գնելը ռուբլիով լիներ, այլ ոչ` դոլարով: Վարչապետը շատ դրական բան է առաջարկել, միայն մնում է, որ այդ ցանկը ընդլայնվի, ռուբլիով գործարքները վերաբերեն ոչ միայն ռազմավարական նշանակության ապրանքներին, այլ նաև շատ այլ ապրանքների: Չէ՞ որ ատոմակայանը ռուսներն են սպասարկում, ՀԷՑ-ը, երկաթգիծը ռուսներն են սպասարկում, և պատկերացրեք` դոլարի փոխարեն բոլոր գործարքները լինեին ռուբլիով, ինչքան կշահեր մեր տնտեսությունը»,- ասաց Ալեքսան Պետրոսյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ այս ամենը հանգի ԵՏՄ միասնական արժույթի ձևավորմանը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դա անխուսափելի է, ես չգիտեմ` դա որքան ժամանակ հետո կլինի, բայց եթե ԵՏՄ երկրները ուզում են գոնե մի քիչ մոտենալ Եվրոպային, ու արտադրությունը սկսի շնչել, միակ փրկությունը դա է: Որովհետև կարևոր է մեկ արժույթ ունենալը: Ինչպե՞ս կարող են աշխատել մեր գործարարները, եթե մեր երկրում 4 արժույթ կա` դրամ, ռուբլի, դոլար, եվրո: Ո՞նց է, որ եվրոպացին մի արժույթ ունի, իսկ Հայաստանի գործարարները պետք է 4 արժույթով աշխատեն, և այդ 4 արժույթներից որևէ մեկի տատանումները մեր տնտեսության վրա բացասաբար են անդրադառնում»:
Հարցին, թե, այս պահի դրությամբ, որո՞նք են գործարար աշխարհի առջև եղած խոչընդոտները, Ալեքսան Պետրոսյանը պատասխանեց` ռուբլու արժեզրկումը, որն անելանելի վիճակի մեջ է գցել հայ արտահանողներին: Մյուս խնդիրն էլ այն է, որ ռուսական շատ ընկերություններ արդեն ցանկանում են իրենց պայմանագրերը ռուբլիով կնքել: Դա նույնպես հարված է հայ գործարարներին, քանի որ հայ արտադրողների վարկային ռեսուրսները դոլարով են: