կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-03 20:00
Քաղաքական

Ադրբեջանը սկսում է հասկանալ, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվում

Ադրբեջանը սկսում է հասկանալ, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվում

ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմի վերջին շրջանի վարած քաղաքականությունը, ագրեսիվ պահվածքը  հանգեցնելու է նրան, որ միջազգային հանրությունը ստիպված է լինելու մեկ անգամ ևս իր վերաբերմունքն արտահայտել:

«Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մեր պատերազմը չի ավարտվել. առաջնագծում հենց պատերազմական գործողություններ են, և մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, ապրենք այս հոգեբանությամբ և մշտապես համապատասխան ու ճիշտ ձևով արձագանքենք: Ճիշտ ասելով` չպետք է հասկանալ մեկ փամփուշտով պատասխան: Հնարավոր է նաև մեկ փամփուշտից ավելիով պատասխան տալ»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` ադրբեջանցիները պետք է հասկանան, որ ռազմական ճանապարհով որևէ հաջողության չեն հասնելու: «Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարածաշրջանում լարվածությունը մի փոքր դադարել էր, և հիմա երևի Ադրբեջանում այդ բացթողումները, իրենց հաշվարկներով, փորձում են լրացնել: Հիշենք նաև, որ սեպտեմբերի կեսերին նախագահների հանդիպման պայմանավորվածություն է եղել, և, այս լարվածությունը ստեղծելով, ադրբեջանցիները փորձում են իրենց դիրքերն ամրապնդել»,- ասաց Պողոսյանը:

Նրա կարծիքով` ադրբեջանցիներն սկսում են հասկանալ, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվում է: «Մեր հարևաններն ամեն կերպ ուզում են այնպես անել, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեն,  ինչպես նաև փորձում են հայկական կողմի վրա վախ տարածել: Այս պայմաններում մեր հոգեբանության մեջ պետք է լինի այն, որ պատերազմը չի ավարտվել, և մենք պետք է պատրաստ լինենք ամեն  տեսակի սցենարների»,- նշեց Պողոսյանը:

Պատգամավորը համոզված է, որ ակտիվությունը կապված է նաև այն բանի հետ, որ սեպտեմբերի 2-ը ԼՂՀ անկախության օրն է, և, դրանից ելնելով, ակտիվանում են նրանք: «Լարվածություն են ստեղծում նաև այլ հատուկ օրերի: Ադրբեջանը մշտապես փորձում է հարամել հայկական կողմի հաջողությունները, տոնակատարությունները: Բայց մեր բանակը տեղում է և Ադրբեջանին նման բան թույլ չի տա»,- ասաց Պողոսյանը: