Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նրան պետք չէր կալանավորել, որովհետև պրակտիկան ցույց էր տալիս, որ այդ հոդվածներով մեղադրվողները գտնվել են ազատության մեջ, նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային միջոցներ: Մ. Գրիգորյանի դեպքն արտառոց էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Փաստաբանը պնդում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ տեղի է ունեցել քաղաքական հետապնդում, որին իրենք հետո, երբ նա առողջանա, կանդրադառնան հակընդդեմ հայցով։
«Մեզ համար առաջնայինը գեներալի առողջական խնդիրն է, մենք խնդիրները կարևորել ենք հետևյալ կերպ՝ առողջություն, բարոյականություն, հետո նոր իրավաբանություն: Ցավոք, առաջին հարթության վրա մենք տանուլ ենք տալիս, գեներալի վիճակը շատ վատ է», - արձանագրեց նա:
Արսեն Մկրտչյանը համոզված է, որ բարոյահոգեբանական դաշտում սառույցը շարժվել է, մարդիկ կամաց-կամաց դուրս են գալիս էյֆորիայից և սկսում հասկանալ խնդրի էությունը.
«Կարող եմ ասել, որ բարոյահոգեբանական դաշտում մեծ առաջընթաց կա, հանրային շրջանում սառույցը հալվում է: Դուք լավ գիտեք, որ սոցցանցերում ու փողոցում ակտիվ է միայն այն մասան, որը դեմ է գեներալին և փորձում է մեծամասնություն կազմել, այնինչ՝ նրա համակիրները դեռ չեն խոսում, մանավանդ սոցցանցերում չեն հայտնում իրենց կարծիքները: Մեզ համար, իրոք, շատ դժվար է: Իսկ իրավական հարթությունն իրենից բարդույթ չի ներկայացնում, դրանով կզբաղվենք, երբ ժամանակը գա»:
Մանվել Գրիգորյանի փաստաբանը փոխանցեց նաև, որ այս պահի դրությամբ առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը չի հաստատվել.
«Ես ավելի քան վստահ եմ, որ դատավարության ընթացքում մեղադրանքների ծավալները կա՛մ փոփոխության կենթարկվեն, կա՛մ կվերացվեն»,-պարզաբանեց փաստաբանը:
Թե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վրա ի՞նչ ազդեցություն է թողել ընկերների վերաբերմունքը՝ փաստաբանը խուսափեց հստակ մեկնաբանություն տալուց՝ բացատրելով, որ ինքը չի կարող որակումներ տալ այն մարդկանց, ովքեր Մ. Գրիգորյանի հետ անցած ճանապարհ ունեն։
«Չեմ ուզենա այդ հարցը մեկնաբանել: Մ. Գրիգորյանը քանի դեռ կալանքի մեջ է, բոլոր ընկերների՝ թե՛ մանկական, թե՛ մարտական, պատասխանատվությունը կրում եմ ես: Երբ Աստծո հաջողությամբ կազդուրվի, իր ընկերների հետ իր հարցերը կլուծի: Նրա ընկերների հետ հարաբերությունն այն դաշտն է, որտեղ, ներողություն արտահայտությանս համար, բայց ես չեմ տեղավորվում: Երբ այդ մարդիկ ընկերություն են արել, մենք իրենց կողքին չենք եղել, և չենք կարող նրանց ճանաչել, հետևաբար՝ չենք էլ կարող որևէ մեկին որակում, տալ: Մեզ չի սազում, որ մենք քննարկենք մարդկանց, որոնք մեզանից առաջ իրար հետ ապրած կյանք ունեն», - նշեց նա:
Ի տարբերություն մյուսների, Մանվել Գրիգորյանը երբեք մանր վրեժխնդրությամբ չի տառապել՝ փաստաբանի կարծիքն է: Ըստ նրա՝ ուժեղները միշտ մեծ սիրտ են ունենում. «Նրա մեծությունը թույլ չի տալիս, որ ես նրա անցած ճանապարհին հայտնված ընկերներին որևէ որակում տամ: Բոլորն էլ կարող ենք սխալվել կամ այնպիսի արտահայտություններ անել, որոնք ճիշտ չընկալվեն հանրության կողմից»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը:
Գևորգ Գյուլումյան