Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին` ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի:
«Ողջունելով Վենետիկյան հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ունեցած հոգևոր և ազգապահպան կարևոր առաքելությանը, ներկայացրեց նաև Հայրենիքի անկախության պայմաններում Եկեղեցու հոգևոր կրթա-դաստիարակչական գործունեությունը:
Նորին Սրբությունն ի դեմս հյուրերի գնահատանք հայտնեց Վենետիկի հանձնաժողովին` օրենքների մշակման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության և խորհրդատվության համար: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը վստահությամբ ընդգծեց, որ հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Հայաստան կնպաստի լավագույնս հասկանալու Հայաստանի բնակչության մտածելակերպը, մշակույթը և քրիստոնեական արժեքների վրա խարսխված արժեհամակարգը:
Իր հերթին պրն. Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացը և անցնող օրերի ընթացքում հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կատարած աշխատանքը` մասնավորապես ընդգծելով, որ արդեն հանրային քննարկման ներկայացված նախագիծն իրավական, ժողովրդավարական պետության կայուն սահմանադրական նախադրյալներ է ստեղծում:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև երկրում առկա կրոնական ազատություններին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին: Զրուցակիցները կարևորությամբ ընդգծեցին Եկեղեցու դերը հասարակության կյանքում խաղաղության ու համերաշխության պահպանման, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում»,–հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգից։