Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարությամբ է հանդես եկել և հայտնել, որ հաշտվում է Ռուբեն Հայրապետյանի հետ:
Ավետիսյանը հայտարարել է, որ Հայրապետյանի հետ հաշտվել է հանուն նոր ներդրումների և ընկերության 270 աշխատողների աշխատավարձերի խնդիրը լուծելու համար: Հիշեցնենք, որ դեպքի մասին ԶԼՄ-ներին ահազանգել էր Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանը, հայտարարելով, որ ամուսնուն առևանգել, ապա ծեծի են ենթարկել Հայրապետյանի թիկնապահները:
Դեպքի մանրամասները Yerkir.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրել էր Ավետիսյանի եղբայրը:
Արդեն այսօր, երբ զրուցում էինք Ավետիսյանի կնոջ` տիկին Իզաբելլայի հետ, վերջինս հայտարարեց, որ ինքն է ամեն ինչ սխալ հասկացել, եւ որ ամուսնուն չեն առեւանգել: Գործարարի կինը չցանկացավ պատասխանել մեր մի շարք հարցերին, մեր այն դիտարկմանը, որ հիմա այս պատմության հարցերն ավելի են շատացել եւ որ մի քանի օր առաջ արված հայտարարություններին հակասող հայտարարություններ են անում: Չցանկանալով խոսել, գործարարի կինը հեռախոսը փոխանցեց ամուսնուն` Արսեն Ավետիսյանին:
Գործարարն իր հերթին հայտարարեց. «Ոչինչ որ ես ունեմ ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ, ոչինչ էն, ինչ որ եղել ա, բայց քանի որ կշեռքի մի նժարին դրված է ոչ միայն իմ այլև 300-ից ավելի ընտանիքի ճակատագիր, այդ քայլին գնացի»: Դիտարկմանը, թե կոպիտ ասած ինքը մի կողմ է դնում իր տղամարդկային արժանապատվությունը հանուն ընկերության հետագա ճակատագրի, Ավետիսյանը պատասխանեց. «Ի՞նչ է` ես պետք է գնայի Ռուբեն Հայրապետյանին ծեծեի»: Դիտարկմանը, թե որեւէ մեկը չի խոսում Հայրապետյանին ծեծելու մասին, խոսքն ընդամենը գործը իրավապահներին հանձնելու եւ ասածներից չհրաժարվելու մասին է, Ավետիսյանն ասաց. «Իրավապահներին եղելությունը նկարագրել եմ և հայտնել եմ, որ Ռուբեն Հայրապետյանն ինձ հաշտության ձեռք է մեկնել, ես էլ համաձայնվել եմ, քանի որ դա ուղղակիորեն կապված է ընկերության ներդրումների հետ»:
Ի դեպ, Ավետիսյանն այդպես էլ չցանկացավ պատասխանել մեր ուղիղ հարցին, թե ի վերջո իրեն Հայրապետյա՞նն է ծեծել, թե՞ նրա թիկնազորը: Գործարարն ընդամենը ասաց, որ չի ցանկանում այլեւս հարցերին պատասխանել: