կարևոր
3235 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 17:55
Քաղաքական

15 զինծառայողների մահվան ելքով հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից

15 զինծառայողների մահվան ելքով հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 15 զինծառայողների մահվան ելքով հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ հրամանում նշվել է, որ դասակի հրամանատարն ազատվել է իր զեկուցագրի հիման վրա:

Նշենք, որ հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում դասակի հրամանատարը նշել էր, որ չի մտահոգվում, որ կազատվի աշխատանքից. «Ընդհանրապես չեմ մտահոգվում, որովհետև, եթե աշխատանքից ազատելու լինեին, համալսարանն ավարտելուց հետո 10 միլիոն տուգանքի պայմանագիր ես չէի ստորագրի: Պայմանագիրս 10 տարի է, ամեն մի տարին մեկ միլիոն դրամով նվազում է: Ես պարտադիր 10 տարի պետք է ծառայեմ, դուրս գալու դեպքում, օրինակ՝ եթե ծառայել եմ 2 տարի, պետք է վճարեմ 8 միլիոն դրամ և դուրս գամ:

Արսեն Բաբայանի խոսքով՝ ազատման հրամանում նշված է, որ զինծառայողն իր զեկուցագրի հիման վրա է ազատվում՝ այդ դրամական պարտավորությունների պատճառով:

«Որպեսզի իր վրա առաջանա այդ դրամական պարտավորությունները: Այս պահին հաշվարկ չունենք, թե որքան գումար պետք է վճարվի»,-ասաց նա:

Բաբայանի խոսքով՝ դասակի հրամանատարն արդեն մեկ անգամ հարցաքննվել է:

«Աշխատանքից ազատման հետ կապված՝ իր խնդրանքով, գործին որևէ ընթացք չտրվեց»,-ասաց փաստաբանը:

Նա նաև նշեց, որ այս պահին նպատակահարման չեն գտնում դասակի հրամանատարի անուն-ազգանունը հրապարակելը, քանի որ կա թիրախավորման խնդիր:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: