Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ-ը տարածել է իր պաշտոնական դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների նախնական նախագծի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.
«2015թ. հուլիսի 15-ին իշխանությունները հրապարակեցին սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում` նոր Սահմանադրության նախագիծը: Նախագծի բովանդակությունն ապացուցում է Հայ Ազգային Կոնգրեսի եւ ուրիշների այն կանխատեսումը, որ, խորհրդարանական համակարգի անցման քողի տակ, Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է և իր հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրության ապահովումն ու հավերժացումը: Ծրագրված է խնդիրը լուծել Ազգային ժողովում ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու և Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի և Հանրապետական կուսակցության գենսեկի պաշտոնները մեկտեղելու միջոցով:
Այդ նպատակով սահմանադրական փոփոխությունների նախագծում ներառվել են հետևյալ դրույթները.
Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած ավազակախմբի վերարտադրության և իշխանության հավերժացման նպատակով ստեղծված նոր Սահմանադրության նախագիծը, ըստ էության, իշխանության յուրացման նպատակով հերթական պետական հեղաշրջման ծրագիր է: Նրանով հասարակությանը միաժամանակ հրամցվում է հասարակական – քաղաքական հարաբերությունների մի համակարգ, որը լուրջ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի պետականության համար: Մասնավորապես՝
Խեղվում է պետական կառավարման համակարգը.
- Ձևավորվում է միակենտրոն իշխանական համակարգ՝ Ազգային ժողովի նախագահի և նրա ղեկավարած կուսակցության լայն, գրեթե անսահմանափակ լիազորություններով,
- Խախտվում է իշխանության երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական, տարանջատման և հավասարակշռման սկզբունքը: Հակակշիռները վերացվում են հօգուտ Ազգային ժողովի, կամ, որ ավելի ճիշտ է ասել՝ հօգուտ իշխող կուսակցության, որն ուղղակիորեն կառավարում կամ վերահսկում է թե գործադիր, թե դատական իշխանությունները,
- Իշխանական համակարգը վերածվում է ուղղաձիգ բուրգի, որի գագաթին հայտնված Ազգային ժողովն ու նրա նախագահը, սակայն, չեն կրելու որևէ իրական պատասխանատվություն կառավարման արդյունքների համար,
- Գործադիր իշխանությունը ղեկավարվելու է թույլ, խոցելի և անկայուն կառավարության և նույնքան թույլ և խոցելի Վարչապետի կողմից, որոնց վրա է դրվելու, սակայն, երկրի զարգացման ծրագրերի կատարման, արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը:
Խաթարվում է ազգային անվտանգության համակարգը.
- Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման և զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը կրելու են թույլ և խոցելի Վարչապետն ու կառավարությունը, մինչդեռ երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինները պետք է օժտված լինեին բարձր իմունիտետով,
- Խաղաղ պայմաններում (այդ թվում՝ կիսապատերազմական իրավիճակում, որպիսին այժմ առկա է) երկիրը չի ունենալու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, հետևաբար՝ պաշտպանության ընդհանուր համակարգի պատասխանատու,
- Պատերազմական իրավիճակում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները ստանձնելու է Վարչապետը, ով մինչ այդ էական առնչություն չի ունենալու զինված ուժերի ղեկավարման հետ, իսկ պաշտպանության բնագավառում նրա լիազորությունները սահմանափակվելու են նրանով, որ որպես տարին ընդամենը մի քանի անգամ հրավիրվող Անվտանգության խորհրդի ղեկավար, մշակելու է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները,
- Զինված ուժերի և երկրի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է, հետևաբար՝ ռազմական և բանակցային գաղտնիքի կրող է լինելու կոլեկտիվ կառավարման մարմինը՝ կառավարությունը, ինչն էապես սահմանափակելու է օպերատիվ լուծումների հնարավորությունները,
- Բոլորովին կարգավորված չէ, թե ում ենթակայության տակ են գտնվելու անվտանգության համակարգի մյուս միավորները, մասնավորապես՝ զինված ուժերի գլխավոր շտաբը, ռազմարդյունաբերական համալիրը և այլն:
Ըստ էության՝ վերացվում է ժողովրդավարական կարգը, և սահմանադրորեն ամրագրվում է բռնապետության հաստատումը.
- Առաջին հայացքից՝ կարճ ժամանակահատված՝ հինգ տարի, սակայն նկատի ունենալով ընտրական համակարգի ոչնչացումը՝ իրականում Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը հավերժ կենտրոնանալու է մեկ ուժի ձեռքում՝ պարարտ հող ստեղծելով բռնապետության վերջնական հաստատման համար: Նման համակարգի ձևավորումը կարելի է անվանել սահմանադրական բռնապետության հաստատման փորձ, կամ, այլ կերպ ասած՝ ավազակապետական համակարգի օրինականացում,
- Քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա, և փորձ է արվում ոչնչացնել երկրի քաղաքական և քաղաքացիական համակարգերը, որոնք թեև վերջնականապես ձևավորված չեն, թեև անկատար են, սակայն լուրջ պատվար են՝ ընդդեմ բռնապետական նկրտումների,
- Այսպիսի համակարգի ներդրումից հետո Հայաստանում իշխանության որևէ փոփոխություն հնարավոր կլինի միայն հասարակություն – իշխանություն սուր առճակատման և ցնցումների միջոցով:
Այսպիսով, սեփական իշխանության հավերժացման մոլուցքով տարված Սերժ Սարգսյանն ու նրա կլանը չեն խորշում դա անել երկրի կառավարման և անվտանգության համակարգերը փլուզելու, Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ թույլ պաշտպանված և ներքին անկայունությամբ հղի երկիր դարձնելու գնով: Ներկայացված նախագծով Սերժ Սարգսյանը ձևակերպել է պետության մասին իր պատկերացումները, որտեղ առաջնայինը ոչ թե երկրի անվտանգությունն ու բարեկեցությունն են, ոչ թե ժողովրդավարական արժեքները, այլ կլանի հավերժ իշխանավարման համար մանիպուլյացիոն մեխանիզմների ստեղծումը:
Երկրին սպառնացող վտանգից խուսափելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի և ընդհանրապես ամբողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումն է: Հայ Ազգային Կոնգրեսը իր բոլոր ուժերն ու հնարավորությունները կներդնի դիմադրության այդ ճակատը ձևավորելու համար և կոչ է անում քաղաքական և հասարակական բոլոր միավորներին, մի կողմ դնելով տարաձայնությունները՝ միանալ պայքարին:
Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ Հայաստանի պետականությանը սպառնացող այս վտանգը համազգային դիմադրության եւ հակազդեցության կարժանանա ողջ աշխարհի հայության կողմից:
Մենք դիմում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ որևէ կերպ չաջակցել Հայաստանի իշխանության այս արկածախնդրությանը՝ այն համարելով հակաժողովրդավարական նախաձեռնություն և Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձ: