կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-14 14:08
Մշակույթ

«Ընտանեկան ալբոմ». 1937 թվականի մութ կողմերը բացահայտելու փորձ

«Ընտանեկան ալբոմ». 1937 թվականի մութ կողմերը բացահայտելու փորձ

Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իշխանյանը նշեց, որ ֆիլմը սկսել է նկարահանել, երբ սովորում էր Վրաստանի Հանրային կապեր ինստիտուտում: Ֆիլմը ստալինյան ժամանակաշրջանում Իշխանյանի երկու մեծ պապերի գնդակահարության մասին է:

«Մոտ երկու տարի աշխատել եմ ֆիլմի վրա: Նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել Երևանում, Գյումրիում և Թբիլիսիում: 35 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացնում եմ 1937 թվականի գործողությունները: Այդ թիվը ընտանիքների մեջ է փակված, և դրա մասին իրար մեջ են խոսում, հանրային վերաբերմունք, արձագանք չկա»,- ասաց Իշխանյանը:

Նա հույս ունի, որ ֆիլմը հնարավորություն կստեղծի, որ այդ թեման բացվի, մանավանդ` շատերի հետ ֆիլմի մասին խոսելիս նրանք էլ են սկսում պատմել իրենց նախնիների մասին: «Մի խոսքով` հույս ունեմ, որ ֆիլմը հնարավորություն կտա խոսելու 1937-ի մասին»,- ասաց Իշխանյանը:

Նա նշեց նաև, որ մեծ հաճույքով ֆիլմը կցուցադրեր Ռուսաստանում և հիմա ճանապարհներ է փնտրում:

Հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նրանից սպասենք նոր աշխատանքներ` ֆիլմի տեսքով, Իշխանյանը պատասխանեց` այո: «Երկու ամիս եմ վավերագրություն սովորել: Կարծում եմ` դեռ սովորելու շատ բան ունեմ և որոշ ժամանակ անց միայն կարելի է սպասել նոր աշխատանքներ»,- ասաց նա: