Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ ապրիլին հայտնի դարձավ, որ մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը դադարեցրել է Օձունի եկեղեցու վերանորոգմանն ուղղված ֆինանսավորումը: Ի դեպ, ֆինանսավորումը դադարեցվել է այն դեպքում, երբ Ձավարյանն արդեն վաղուց 270 մլն դրամ էր արդեն տրմադրել եկեղեցու վերանորոգման համար:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Օձունի վերանորոգումը 2011-ից մինչ օրս խոսակցությունների, շահարկումների տեղիք է տալիս: Մինչ այս էլ խոսակցություններ էին պտտվում, որ բարերարը հրաժարվում է ֆինանսավորել, աշխատանքները կանգ են առել, աշխատակիցներին աշխատավարձ չեն տալիս… Պարզ է, չէ՞, որ այստեղ բարերարը չէ, «վերևների» մատն է խառը:
Դեռևս 2011-ի օգոստոսին Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև սրբազանը yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, թե վստահ է, որ Սանահինի համար էլ, Հաղպատի համար էլ, Օձունի համար էլ կգտնվի բարերար: «Միանգամից, մի օրվա մեջ դժվար է ամեն տեղի համար բարերար գտնել»,- ասել էր նա:
Ի՞նչ իմանար Պարգև սրբազանը, որ միայն բարերար գտնելը բավական չէ եկեղեցիների վերանորոգման, վերականգնման համար: Ավելին` լինում են դեպքեր, երբ գտնվում է բարերար, ով համաձայնում է վճարել անհրաժեշտ գումարը, բայց մշակույթի նախարարությունն ինչ-որ ֆոկուսներ է անում, և եկեղեցու շինարարությունը կիսատ է մնում, այն էլ` ամենավերջում, երբ աշխատանքների մեծ մասն արդեն արված են:
2014-ի ապրիլին էլ եկեղեցու ճարտարապետ Միշա Հակոբյանը հայտնել էր, որ շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել հաջորդ տարի: Ճարտարապետն այն ժամանակ նույնպես չգիտեր, որ եկեղեցու` կիսատ թողնված աշխատանքներն այսօր մշակույթի նախարարությունը գնահատելու է իբրև լիարժեք արված գործ` այդպիսով լվանալով ձեռքերը և հրաժարվելով վերանորոգումն ավարտին հասցնել:
2014-ի ապրիլի 17-ին էլ տեղադրվեց Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խաչը, որը շատերին հույս տվեց, թե առաջիկայում, իսկապես, ինչպես խոստացվել է քանիցս, Օձունի վերանորոգման աշխատանքները, ըստ նախագծի, ավարտին կհասցվեն:
Նույն շրջանում ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, լրագրողներիս հետ շրջայց կատարելով Օձունում, նշել էր, որ «մնացել է ավարտին հասցնել ճակատային շարերը, հյուսիսային սրահի կամարաշարը, որմնակամարները, որմնասյուները, ներսում` ավանդատների ծածկերի ամրակայման աշխատանքները»: Սամուելյանն այդպես էլ խուսափեց կոնկրետ ժամկետ նշել` եկեղեցու վերանորոգման ավարտի հետ կապված:
Հիմա, երբ պարզվել է, որ բարերարը հրաժարվել է ավարտին հասցնել բարեգործությունը, որովհետև մարդուն հասցրել են, մշակույթի նախարարությունն ուշագրավ պատասխան է տալիս` իրենց ուղարկված հարցմանը. «Եկեղեցու վերականգնման աշխատանքները, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի և ժամանակացույցի, հասցված են ավարտին: Ինչ վերաբերում է բարերար Մովսես Ձավարյանի ֆինանսավորման դադարեցման մասին շրջանառվող լուրերին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը»:
Ո՞ւմ աչքին է ուզում թոզ փչել նախարարությունը, ինչո՞ւ է հերքում ակնհայտը:
Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ եկեղեցու հիմնական մասը վերանորոգվել է, մնացել են կողքի սրահները, որոնք նախագծում կան, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով աշխատանքները դադարեցվել են:
Հարցին, թե ինչո՞ւ ֆինանսավորումը դադարեցվեց, ի դեպ, մինչ այդ էլ անընդհատ խնդիրներ էին լինումմ ի՞նչն է պատճառը, Տիտանյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ հարցին ավելի շուտ պետք է հովանավորը պատասխանի: «Եղել են խնդիրներ, տարաձայնություններ, բայց բոլոր դեպքերում արվել են աշխատանքները: Տեխնիկան, շարժական տաղավարները տարել են, բայց քարերը պատրաստ էին, որ շարվեին /կողքի սրահների/, հիմա էլ եկեղեցու բակում դրված են: Ի՞նչ արած, ուրիշ աղբյուրներից պետք է գումար գտնենք: Ուղղակի մի նրբություն կա` որևէ մեկը չի ուզում ուրիշի սկսածը շարունակել»,- ասում է համայնքի ղեկավարը:
Հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում մշակույթի նախարարությունը հայտարարում, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել, կամ` թե բարեգործը դադարեցրել է ֆինանսավորումը, Տիտանյանը պատասխանեց. «Երևի ուղղակի տեղյակ չի մշակույթի նախարարությունը»: Երանի՜ թե…
Ի դեպ, Տիտանյանն ունի եկեղեցու վերականգնման նախագիծը, որում, ևս մեկ անգամ շեշտում ենք, նախատեսված էր նաև եկեղեցու սրահների վերանորոգումը:
«Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանն էլ, իր հերթին, նշեց, որ կիսատ աշխատանքներ հիրավի կան, ամբողջական չի իրագործվել նախագիծը:
«Բայց կիսատ թողածը համայնքը պետք է անի, օձնեցիները: Որպես օձնեցի եմ դա ասում: Երկրաշարժից հետո միայն գմբեթը 5 ճաք ուներ, ևս երկու մեծ ճաք հյուսիսարևմտյան պատն ուներ: Տանիքն ամբողջությամբ փոխվել է, պատերն են ամրակայվել, այսինքն` քիչ բան չի արվել. եկեղեցին փրկվել է»,- ասում է Շերմազանյանը:
Ուշագրավ մի հանգամանք ևս` Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը, ով մինչ այս բավական ակտիվ խոսում էր եկեղեցու վերականգնման մասին և շահագրգիռ կողմերից մեկն էր, որ խնդիրը որքան հնարավոր է արագ լուծվի, և եկեղեցին լիարժեք տեսքով ծառայի ժողովրդին, մեր հարցը լսելուց հետո, թե` ինչո՞ւ է կիսատ մնացել Օձունի վերականգնումը, նշեց, որ պատրաստ է խոսել ամեն ինչի մասին` համայնքի խնդիրների, տեղի տարբեր մշակութային և սպորտային խմբակների, բայց ոչ` եկեղեցու շինարարության: Լսելով հարցը, թե, այնուամենայնիվ, մեզ եկեղեցու շինարարությունն է հետաքրքրում, տեր Վրթանեսը պարզապես անջատեց հեռախոսը:
Ավելին` երբ կապ հաստատեցինք եկեղեցու ճարտարապետ Միշա Հակոբյանի հետ, նա նույնպես կտրուկ հրաժարվեց խոսել այս թեմայով` նշելով, որ ոչինչ չի ցանկանում ասել:
Նշենք նաև, որ 2012թ. մարտի 23-ին ստորագրվեց հուշագիր` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վանուշ Շերմազանյանի կողմից: Հուշագրի համաձայն` կողմերն համաձայն են միավորել իրենց ուժերը և համատեղ աշխատանքներ ծավալել Օձունի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ուղղությամբ:
Զարմանալի չէր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նույնպես հրաժարվեց խոսել այս թեմայով:
Ո՞ւմ է պետք այս ամբողջ պատմությունը, ինչո՞ւ են խոսակցությունները գնալով նոր թափ առնում, ինչո՞ւ մշակույթի նախարարությունը չի պատասխանում, թե` այո, եկեղեցու վերականգնումը կիսատ է մնացել, բայց կեցցե բարերարը, մեծ մասը հենց նրա շնորհիվ է կյանքի կոչվել: Ինչո՞ւ հոգևոր այրերը, եկեղեցու ճարտարապետը, հուսախաբ եղած, այլևս չեն ցանկանում խոսել այդ մասին, ո՞վ կամ ի՞նչն է նրանց լռեցրել:
Երբ նման բոլոր դեպքերում մշակույթի նախարարությունը դժվարանում է անկեղծ լինել, ապա հետագայում ինչո՞ւ պետք է հավատանք նրան: Ավելին` նախարարության նման պահվածքը կասկածանքների տեղիք է տալիս, ու ակամայից մտածում ես` մի բան այն չէ, որ կոծկում են ճշմարտությունը: Ստացվում է` նախարարությունը սեփական հակաքարոզչությա՞մբ է զբաղվում… Դատողություններն ու եզրահանգումները թողնում ենք ձեզ:
Ինչևէ, հուսանք` Օձունի վերականգնումն ավարտին կհասցվի, կգտնվի նոր բարերար` չնայած այն հանգամանքին, որ, իրոք, դժվար է ավարտին հասցնել արդեն ինչ-որ մեկի սկսած գործը, և հաջորդ` Օձունին վերաբերող հոդվածը կունենա «Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները վերջնականապես ավարտին են հասցվել» վերնագիրը:
Կարինե Հարությունյան