|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Ըստ նրա` այդ կերպ ինքը հնարավոր է համարում ցույց տալ իր բողոքը հայաստանյան իշխանությունների և ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր անտարբեր են և չեն անհանգստանում իրենց երկրի ճակատագրով:
«Իմ բողոքն ավելի շատ ուղղված է անտարբեր ժողովրդին, ինչպես նաև դեմ է իշխանական քայլերին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Տեղեկացնենք, որ Դավիթ Սանասարյանը համացանցի իր էջում գրառում էր կատարել և ժողովրդին հորդորել գալ Ազատության հրապարակ, որպեսզի ինքը դադարեցնի հացադուլը:
Մեր այն հարցին, թե ո՞րն է կոնկրետ պահանջը ժողովրդից և հասարակությանը ո՞ւմ կամ ինչի՞ն միանալու է ուղղորդում, և արդյո՞ք դա փակուղի չէ, Սանասարյանը պատասխանեց. «Փակուղին այն է, որ մենք տանն ենք մնում: Ես ուրիշ փակուղի չեմ տեսնում: Եթե ժողովուրդը ճնշում գործադրի, իշխանությունները չեն կարող որևէ բան անել»:
Ըստ նրա` իր կոչն ուղղված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: «Սա իմ բողոքի արտահայտման ձևն է, և ես սրանով խնդրում եմ, ակնկալում եմ, հորդորում եմ` եկե՛ք, որ կարողանանք խնդիրը լուծել: Պետք է ընտրություն անեն` կա\'մ մնան տանը և ամիսներ հետո արտագաղթի ճանապարհը բռնեն, կա\'մ էլ միանան»,- ասաց Սանասարյանը: