կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-04 14:33
Իրավական

Լիսկան իր դեմ մահափորձ իրականացնելու մեջ հայտնի գեներալի՞ է կասկածել

Լիսկան իր դեմ մահափորձ իրականացնելու մեջ հայտնի գեներալի՞ է կասկածել

Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործի մասին: Մեր տեղեկություններով՝ դեպքից հետո, երբ իրավապահներին հայտնի է դարձել, որ մարզպետի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից հետո մարզպետի վարորդն էլ իր հերթին է անհայտ ուղղությամբ կրակոցներ արձակել, հետաքրքրվել են նրան պատկանող զենքով: Պարզվել է, որ զենքն ապօրինի է եղել, և, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, վարորդը զենքը հանձնել է:

Yerkir.am-ի աղբյուրները հայտնում են, որ դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանը իրավապահ համակարգի ղեկավարներից մեկի հետ զրույցում ասել է, թե կասկածներ ունի, որ իր դեմ մահափորձը կարող է ծրագրած լինել Օգանովսկի Սամոն: Խոսքը վերաբերում է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին, ով առավել հայտնի է Օգանովսկի Սամո անունով: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում նրա և Լիսկայի ջրերը մի առվով չեն հոսել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի կասկածների մասին զեկուցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն հետո Լիսկային հանգստացրել են՝ վստահեցնելով, որ Սամվել Կարապետյանը որևէ առնչություն չունի կատարվածի հետ:

Հիշեցնենք, որ արդեն կան ձերբակալված անձինք: Այսպես` մեզ հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից Գարեն Աթաջանյանը Կապանում հայտնի հեղինակություն է, և Սուրիկ Խաչատրյանը մշտապես փորձել է իր ազդեցությունը տարածել նաև նրա վրա, սակայն չի ստացվել:

Գործով մեկ այլ ձերբակալված` Կապան քաղաքի բնակիչ Հենրիկ Ավագյանի հետ նույնպես Լիսկան խնդիրներ է ունեցել: Մեր տեղեկությունների համաձայն՝ Կապանին հարակից Սյունիք գյուղում՝ Հենրիկ Ավագյանին պատկանող հողատարածքի հարևանությամբ, Սյունիքի մարզպետը պահածոների գործարան է կառուցում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ շինարարական աշխատանքների ժամանակ մարզպետն ապօրինի կերպով տիրացել է նաև Ավագյանի հողատարածքին, այդ պատճառով վեճ է ծագել: Խոսակցությունների համաձայն՝ մարզպետն անգամ Հենրիկ Ավագյանին իր աշխատասենյակ է հրավիրել և ապտակել:

Հայտնել ենք, որ ձերբակալվածներից երկուսն էլ Գորիս քաղաքի բնակիչներ են: Նրանցից Վիտալի Մինասյանը այնքան էլ հայտնի անձնավորություն չէ, իսկ Արա Էմիլի Բուդաղյանին բոլորն են ճանաչում: Նա 2013-ի հունիսի 2-ի գիշերը մարզպետի տան դիմաց տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանված Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրն է: Yerkir.am-ի տեղեկություններով, երբ իրավապահները խուզարկել են Արա Բուդաղյանի տունը, այնտեղից զենքեր են հայտնաբերել, որոնք, սակայն, օրինական գրանցված են եղել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ներկայումս իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաեւ քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական եւ օպերատիվ գործողություններ: Սակայն հիմնավոր կասկածներ կան, որ նախաքննական մարմինը 4 անձանց ձերբակալել է մեկ անձի՝ Սուրիկ Խաչատրյանի հայտնած կասկածների հիման վրա: Եվ եթե առաջիկայում ԱԱԾ-ն նոր փաստարկներ ու ապացույցներ չներկայացնի, որոնցով հնարավոր կլինի հիմնավորել, որ հիշյալ անձինք կապ ունեն մահափորձի կատարման հետ, դժվար կլինի հանրությանը համոզել, որ այս ամենը բեմականացում չէ:

Ուշագրավ է, որ այս մահափորձով կարծես հերթական անգամ փորձ է արվում հասարակությանը շեղել Սդղի գյոլի գործով Լիսկայի որդու և ազգականների մասնակցության մասին աղաղակող լուրերից: