Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի և օղու ակցիզային դրույքաչափերը, դա պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակների դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն: Առաջարկվում է նաև որոշակիորեն ինդեքսավորել վառելիքի դրույքաչափերը, քանի որ հաստատագրված դրույքաչափերը դիզվառելիքի համար վերջին տասը տարում չեն փոփոխվել, և այն նույնպես կհարկվի: Օրենքը ուժի մեջ պետք է մտնի 2016թ. մայիսի 1-ից:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ քննարկվող նախագիծը գլխացավ առաջացնող նախագիծ է, և կարծիք հայտնեց, որ այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ չպետք է ներկայացվի, ընդհակառակը՝ պետք է քննարկվի, թե ինչպես անել, որ Հայաստանի բիզնես միջավայրը բարելավվի: Մինչդեռ, ըստ պատգամավորի, ներկայացվել է նախագիծ, որը ոչ միայն հարկերի դրույքաչափի բարձրացում, այլ նաև բնական գազի, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման համար նոր հարկատեսակ է ներմուծում, ինչն ունենալու է բացասական ազդեցություն:
«Բանից պարզվում է, որ այս փոփոխությունների պահանջը, ըստ էության, Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջն է, բայց մինչ այս պահը մեզ ներկայացվել է այլ բան: Եթե այդպես է՝ պետք է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջ հարց դնել, թե ինչպե՞ս են պատկերացնում սոցիալ-տնտեսական ներկայիս պայմաններում այդ պահանջի իրագործումը, երբ Հայաստանի տնտեսական ցուցանիշները վկայում են, որ առևտրի շրջանառության 6 տոկոս անկում ունենք: Ուրեմն ի՞նչ է սպասվում այդ նախագիծը ընդունելուց հետո»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ շատ զարմացած է, որ այդ նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից, որի ծրագրային կենտրոնական դրույթներից մեկը համարվել է մարդը և մարդու կենսամակարդակի աճը:
«Թույլ տվեք կասկածել ձեր անկեղծությանը, հարգելի\' կառավարություն, ու ձեր ծրագրերի համարժեքությանը, այս ձևով հնարավոր չէ, որ դուք կարողանաք առաջ մղել երկրի տնտեսությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ առաջարկվող հարկատեսակը չի նպաստելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, մանավանդ՝ նախագիծ է ներկայացվում առանց տնտեսական վիճակի զարգացման պլանի ու ազդեցության գնահատականի: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ առաջարկվող հարկատեսակը հսկայական բացասական ազդեցություն է ունենալու երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: «Այս նախաձեռնությունը մերժման է ենթակա»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը: