| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բաղրամյան պողոտայում գտնվող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոտեցավ ցուցարարների կողքին կանգնած` Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորներին: Ոստիկանապետը նրանց հետ զրուցեց վերջին օրերի իրադարձությունների մասին:
Գասպարյանը հայտարարեց, որ դատարկ հպարտությամբ պետք չէ առաջնորդվել: Ըստ նրա՝ հպարտությունները հանգեցնում են ինքնահավանության և այլ երևույթների: «Ես ընդունում եմ, որ մեր երիտասարդները մեզանից որակով են, բայց այդ երիտասարդներին որակ տալուց հետո պետք չէ մեր ակունքները մոռացության տալ: Ես տեսնում եմ, որ շատ հաճախ ակունքները մոռացության են տրվում: Քանի որ մեր երիտասարդները փորձ չունեն, ղեկավարվում են միայն ժխտողականությամբ, իսկ երբ կատեգորիկ ես լինում և երկխոսությունը փակում ես, դա արդեն ոչ թե խելամտության, այլ հակառակի արդյունք է: Պետք է երկխոսել: Մեր հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի և զոռբայության մեջ, այլ իմաստության»,- նշեց ոստիկանապետը՝ հավելելով, որ ժխտողականությունը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ:
Լրագրողի դիտարկմանը, թե ցուցարարները պատրաստ են հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միայն ուղիղ եթերի պահանջի կատարման դեպքում, Գասպարյանը պատասխանեց, որ երկրի նախագահի առջև պահանջներ չեն դնում:
Անդրադառնալով այն բնորոշմանը, թե իշխանությունները պետք է ծառայեն երկրին` Գասպարյանը հայտարարեց. «Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք, վայ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»: